ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Արդի հայ հասարակության գենդերային հիմնախնդիրները կանոնավոր և ավելի խորն ուսումնասիրելու, հասարակական-քաղաքական կյանքում ակտիվ մասնակցությունից կանանց օտարման պատճառները բացահայտելու, հասարակության մեջ կանանց «բնական նախորոշվածության» մասին կարծրատիպերը հաղթահարելու և գիտական մոտեցումների հիման վրա գործունեության ռազմավարություն մշակելու նպատակով Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիան 1996 թվականին ստեղծեց Գենդերային հետազոտությունների կենտրոն, որը հանդես եկավ նախաձեռնությամբ` ուղղված հայ հասարակության համար արդիական հիմնախնդրի լուծմանը` հաղորդել գենդերային գիտելիքներ քաղաքացիական իրավագիտակցության ձևավորման նպատակով, ինչպես նաև փոփոխել գենդերային հավասարության հասարակական ընկալումը` բարձրագույն և միջնակարգ կրթության համակարգի, իշխանական կառույցների աշխատակիցների և օրենսդիրների, քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների լիդերների և ակտիվիստների գենդերային իրազեկության և գենդերային զգայնության բարձրացման միջոցով:

ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼԱՑՄԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2001-2008 թթ. Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիան ՀՀ կրթության եւ գիտության նախարարության աջակցությամբ նախաձեռնել է Հայաստանի բարձրագույն եւ միջին դպրոցի համակարգում գենդերային կրթութայն ինտեգրունը:

Հայաստանի անցումը կայուն զարգացման առաջ բերեց կազմակերպական-քաղաքական, տնտեսական և սոցիոմշակութային ոլորտներում սոցիալապես հաշվեկշռված ռազմավարություն ձևավորելու անհրաժեշտություն: Սակայն կապված մի շարք սոցիոմշակութային առանձնահատկությունների և ավանդույթների հետ, Հայաստանի բնակչության 52 տոկոսը և բարձրագույն կրթությամբ անձանց 60 տոկոսը կազմող կանայք օտարվեցին կառավարման և որոշումների ընդունման համակարգից, նրանց մտավոր ներուժը չընդգրկվեց հայ հասարակության զարգացման և ժողովրդավարացման գործընթացներում:Ինչպես նշվում է Հազարամյակի ռազմավարություններում, մարդկային զարգացումը ենթադրում է գենդերային մոտեցում, այսինքն` գործողությունների կամ գործընթացների գնահատում տղամարդկանց և կանանց վրա դրանց ներազդեցության տեսակետից: ՄԱԿ-ի հազարակյամի հռչակագրում սոցիալական ոլորտի համար սահմանված ութ նպատակներից երրորդը «աջակցումն է տղամարդկանց և կանանց հավասարության հաստատմանը և կանանց իրավունքների և հնարավորությունների ընդլայնումը»:

Ակնհայտ է, որ գենդերային հավասարությունը անհրաժեշտ պայման է Հայաստանում կայուն զարգացման հասնելու համար, և պետության ռազմավարությունը հայ հասարակության կայուն զարգացման ապահովման ուղղությամբ պետք է նպատակամղված լինի տղամարդկանց և կանանց համար հավասար իրավունքների և ազատությունների և դրանց իրականացման հավասար հնարավորությունների ապահովմանը:

Հասարակական-քաղաքական կյանքի դինամիկ փոփոխման և տնտեսության ազատականացման պայմաններում հայ հասարակության և պետության առջև խնդիր է ծառացել աջակցել բոլոր քաղաքացիներին` տղամարդկանց և կանանց, գտնելու իրենց տեղը փոփոխվող հասարակական միջավայրում:

Գենդերայնորեն հաշվեկշռված մասնակցությունը որոշումների կայացման ոլորտում և քաղաքացիների քաղաքական մասնակցության ակտիվացման անհրաժեշտությունը նոր խնդիրներ էին առաջացրել: Դրանց լուծումը պահանջում էր պետական գենդերային քաղաքականության մշակում և իրականացում գենդերային չափման նոր մոտեցումների հիման վրա, ինչը, իր հերթին, ենթադրում էր սոցիալական ներկայացվածության բացահայտում և գենդերային կարծրատիպերի հաղթահարում, սեռերի փոխգործողության ավանդական մշակույթի փոխարինում սեռերի միջև գործընկերության ժողովրդավարական հարաբերություններով :

2001-2008 թվականների ընթացքում իրականացվող «Գենդերային իրազեկությունը և գենդերային զգայնությունը` զուգակշռված ժողովրդավարության նախադրյալ» և «Գենդերային գիտելիքները որպես ժողովրդավարական մշակույթի և իրավագիտակցության ձևավորման նախադրյալ: Հավասար իրավունքների հիմնադրույթից դեպի հավասար հնարավորություններ և արդյունքներ» նախագծերի նպատակն էր ձևավորել իրավահավասար ժողովրդավարական գենդերային մշակույթ և իրավագիտակցություն և հաղթահարել գենդերային կարծրատիպերը հայ հասարակության մեջ:

Գործընկերությունը ԵԱՀԿ-ի ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների գրասենյակի հետ թույլ տվեց, մի կողմից, համակարգված բնույթ հաղորդել կրթության համակարգում գենդերային գիտելիքների ներդրմանն ուղղված աշխատանքին, մյուս կողմից` աջակցել օրենսդիրների և իշխանական կառույցների ներկայացուցիչների, հասարակական շարժման լիդերների և ակտիվիստների գենդերային իրազեկության բարձրացմանը:

Իրականացվող բազմաբաղադրիչ նախագծերը գենդերային հավասարության հասնելու ուղղությամբ բաղկացած էին երեք փոխլրացնող ծրագրերից.

1. Բարձրագույն դպրոցի և հանրակրթության համակարգում գենդերային կրթության ինստիտուցիոնալացում

2. Պետական քաղաքականության մեջ գենդերային բաղադրիչի ինտեգրում և օրենսդրության գենդերային փորձաքննություն օրենսդիրների, պետական ծառայողների, հասարակական կազմակերպությունների և քաղաքական կուսակցությունների լիդերների և ակտիվիստների, լրագրողների գենդերային իրազեկության բարձրացման միջոցով

3. Կրթական ծրագրերի և ոչ ֆորմալ ուսուցման համակարդում գենդերային իրազեկության բարձրացմանն ուղղված ծրագրերի տեղեկատվական-մեթոդական ապահովում: