ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼԱՑՈՒՄ
Բարձրագույն դպրոցի և հանրակրթության համակարգում գենդերային կրթության ինստիտուցիոնալացում
1. Գենդերային կրթության ինստիտուցիոնալացումը բարձրագույն դպրոցի համակարգում իրականացվել է փուլերով` նկատի ունենալով կադրային ռեսուրսի պատրաստումը, ծրագրերի և ուսումնական ձեռնարկների մշակումը, համալսարաններում միջառարկայան և հատուկ դասընթացների ներդնումը, փորձի փոխանակմանն ուղղված գիտաժողովների և սեմինարների անցկացումը` կուտակված փորձի, գենդերային կրթության հայեցակարգային հիմունքների, գենդերային կրթության չափորոշիչների և ծրագրերի մշակման, դասավանդման ընթացքի վերահսկման հիման վրա:
1.1. Ինչպես կրթական, այնպես էլ հետազոտական հիմնախնդիրների լուծման նպատակով անցկացվել են չորս ամառային երկշաբաթյա գենդերային դպրոցներ համալսարանների դասախոսների և հանրակրթական դպրոցների ուսուցիչների համար, որոնք նպատակ ունեին կադրային ռեսուրսի` բարձրագույն և միջնակարգ դպրոցի համար գենդերային առարկաներ դասավանդողների պատրաստում:
Ընդամենը պատրաստվել են 127 գենդերային առարկաներ և դասեր դասավանդողներ, գենդերային հիմնախնդիրների հետազոտողներ և օրենսդրության գենդերային փորձաքննության մասնագետներ:
Գենդերային դպրոցները թույլ տվեցին ձևավորել, ապա նաև ընդլայնել փիլիսոփայության, պատմության, իրավունքի, բանասիրության, ազգագրության, տնտեսագիտության, սոցիոլոգիայի ոլորտում գենդերային հիմնախնդիրները դասավանդողների և հետազոտողների ընկերակցությունը: Միավորվել են մասնագետների ջանքերը` ուղղված առավել արդիական հետազոտական ծրագրերի ստեղծմանը, դասավանդման օպտիմալ ինտերակտիվ մեթոդիկաների մշակմանը: Յուրաքանչյուր նոր Դպրոց հնարավորություն էր տալիս ընդլայնել այն բուհերի և դպրոցների աշխարհագրությունը, որտեղ ներդրվում էին գենդերային հիմնախնդիրներին նվիրված դասընթացներ և դասեր:
1.2. Այս տարիների ընթացքում միջառարկայական և հատուկ գենդերային դասընթացներ ներդրվեցին համալսարաններում և մանկավարժական բուհերում, ուսումնական ձեռնարկներ և դասավանդման մեթոդական երաշխավորություններ են մշակվել:
2001-2002 ուսումնական տարվանից մինչև այժմ գենդերային գիտակարգերի դասավանդում է իրականացվում Հայաստանի 11 բարձրագույն ուսումնական հաստատությունում, այդ թվում.
— Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում,
— Երևանի «Ինտերլինգվա» լեզվաբանական համալսարանում,
— Երևանի Հյուսիսային համալսարանում,
— Սանկտ-Պետերբուրգի արտաքին տնտեսական կապերի, տնտեսագիտության և իրավունքի համալսարանի Երևանի մասնաճյուղում.
— Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտում,
— Երևանի պետական համալսարանում,
— Լ.Քալաշյանի անվան Հայկական Բաց համալսարանում,
— Երևանի «Գալիք» համալսարանում,
— Երևանր կառավարման համալսարանում,
— Գյումրիի Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում,
— Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում:
Համալսարաններում դասավանդվում է 10 միջառարկայական դասընթաց` «Գենդերային գիտելիքների հիմունքներ», «Գենդերը և քաղաքականությունը», «Գենդերը և մշակույթը», «Գենդերային հավասարությունը մարդու իրավունքների համակարգում» և 16 հատուկ դասընթաց` «Գենդերը և ժուռնալիստիկան», «Գենդերային հիմնախնդիրները ժամանակակից քաղաքական մտքի պատմության մեջ», «Գենդերը և էթնոմշակույթը», «Գենդերային փոխակերպումները Հայաստանի պատմության մեջ», «Հասարակության քաղաքական համակարգի գենդերային հարաբերությունների կարգավորումը», «Գենդերը և մարդու իրավունքները», «Գենդերը և հոգեբանությունը», «Ազգային մշակույթի և լեզվի գենդերային նշանաբանությունը», «Գենդերը և տնտեսագիտությունը. իրավական առումները», «Էթնոմշակութային գործընթացների գենդերային առումները: Էթնոհոգեբանություն», «Հայկական ֆոլկլորի և պարեմիաբանության գենդերային առումները»:
Տվյալ նպատակային դիրքորոշումն իրականացնելու համար` կրթական կապիտալի կուտակման միջոցով աջակցել գիտակցության բեկմանը և հասարակական զարգացման գործընթացներում անձի ակտիվացմանն ուղղված քաղաքացիական դիրքորոշման ձևավորմանը, նպաստել հարացույցի փոփոխմանը տղամարդկանց և կանանց դերերի կարծր բևեռացումից դեպի կարգավիճակների հավասարեցում, ուսուցման ողջ գործընթացն ուղղված էր հետևյալ խնդիրների լուծմանը. նպաստել գիտելիքների փոխակերպմանը համոզմունքների ու գործողությունների, արտարկել գիտելիքները հասարակության կենսագործունեության նոր ոլորտների վրա:
1.3 Դասավանդման գործընթացը կարգավորելու և կուտակած փորձը փոխանակելու նպատակով պարբերաբար անցկացվել են գիտաժողովներ և սեմինարներ, որոնք առավելագույնս ակտիվացրել են դասավանդման գործընթացը:
Անցած տարիների փորձը ցույց տվեց, որ առավել արդյունավետ և գործնականում կիրառելի է դասավանդման ինտերակտիվ եղանակը, որը զուգորդում է ուսուցման ակադեմիական և նորարարական մեթոդները` բանավեճեր առանց դասավանդողի ակտիվ միջամտության և նրա կողմից սովորողների ինքնուրույնության ճնշման:
Անցած տարիների ընթացքում գենդերային գիտակարգեր դասավանդողների համար անցկացվել է 2 սիմպոզիում. «Գենդերային կրթությունը` նոր հարացույց» (2003 թ.) և «Գենդերային կրթությունը որպես քաղաքացիականության ձևավորման գործոն» (2004 թ.):
1.4. Կուտակած փորձի հիման վրա Գենդերային հետազոտությունների կենտրոնի փորձագետների խումբը 2004 թվականին մշակել է «Պետական քաղաքականության հայեցակարգային հիմունքները գենդերային կրթության բնագավառում», ինչպես նաև «Գենդերային կրթության պետական չափորոշիչների նախագիծը», որտեղ սահմանվել է չափորոշիչների երեք մակարդակ. ներածական դասընթաց` «Գենդերային կրթության ընդհանուր հիմունքները», երկրորդ մակարդակ` «Գենդերային տեսական գիտելիքների և հմտությունների միասնական պահանջներ պատմություն, փիլիսոփայություն, քաղաքագիտություն, իրավագիտություն, տնտեսագիտություն մասնագիտությունների համար» և երրորդ մակարդակ` «Գենդերային տեսության ներածություն» միջառարկայական դասընթացների տիպեր և դասընթացի ծրագրեր:
2005 թ. փորձագետների խումբը` շարունակելով աշխատանքը, մշակել է մշակութաբանություն, հոգեբանություն, մանկավարժություն, մանկավարժության պատմություն, հայ ազգագրություն մասնագիտություններում գենդերային գիտելիքների ինտեգրման պետական կրթական չափորոշիչների նախագծերը: Մշակվել են երրորդ մակարդակի կրթական չափորոշիչներ հատուկ գենդերային դասընթացների համար` «Գենդերը և տնտեսագիտությունը», «Պատմության գենդերային դիսկուրս», «Գենդերը և մարդու իրավունքները»:
Չափորոշիչների մշակմանը փորձագետների խմբի կազմում իրենց մասնակցությունն են բերել ՀՀ կրթության և գիտության փոխնախարարներ Արա Ավետիսյանը և Աիդա Թոփուզյանը:
Միջառարկայական և հատուկ գենդերային դասընթացների ծրագրերը համապատասխանեցվել են գենդերային կրթության պետական չափորոշիչներին և կատարելագործվել` կուտակած փորձի, ուսանողների բազային գիտելիքների և ուսանողական լսարանի կազմի հաշվառմամբ:
1.5. Ինստիտուցիոնալացման ընթացքում որպես գնահատման և վերահսկման մեթոդներ Գենդերային հետազոտությունների կենտրոնը և դասավանդող մասնագետները կիրառում են աշխատանքի այնպիսի ձևեր, ինչպիսիք են սեմինարները, կլոր սեղանները, հանդիպումները հայտնի քաղաքական գործիչների հետ, հաճախումները իշխանական կառույցներ և դատարաններ, ծանոթացումը դրանց աշխատանքին:
Դասավանդողները լուրջ ուշադրություն են հատկացնում ուսանողների հետազոտական աշխատանքին գենդերային խնդիրների վերաբերյալ: Յուրաքանչյուր ուսումնական տարվա արդյունքներով բոլոր բուհերի ուսանողները ներկայացնում են 130-150 ռեֆերատ և էսսե, որոնցից լավագույններն ընտրվում են հանրապետական գիտաժողովների նյութերի ժողովածուներում հրապարակվելու համար: Նախագծի իրականացման անցած տարիների ընթացքում ուսանողները ներկայացրել են ընդհանուր առմամբ 1000 ռեֆերատ և էսսե:
Յուրաքանչյուր ուսումնական տարվա ավարտին բուհերի դասախոսներն անցկացնում են կլոր սեղաններ, ուսանողական գիտական ընթերցումներ, որտեղ ուսանողները ներկայացնում են իրենց ռեֆերատներն ու էսսեները: Կազմակերպվում են համաբուհական ուսանողական գիտաժողովներ, որոնց աշխատանքներին մասնակցում են բուհերի ռեկտորները և պրոռեկտորները, ինչպես նաև Գենդերային հետազոտությունների կենտրոնի փորձագետները:
Անցած տարիների ընթացքում անցկացվել է գենդերային հիմնախնդիրներին նվիրված 14 ներբուհական և 7 հանրապետական գիտաժողով` 420 ուսանողների և երիտասարդ հետազոտողների մասնակցությամբ:
Բուհական և հանրապետական գիտաժողովների նյութերը տպագրվել են 7 առանձին ժողովածուներում:
Բարձրագույն դպրոցում գենդերային կրթության ինստիտուցիոնալացման փորձի վերլուծությունը ցույց տվեց, որ ձեռք բերած գիտելիքների հիման վրա ուսանողների գիտակցության մեջ տեղի է ունենում որոշակի բեկում և ձևավորվում է համոզմունք հիմնական ժողովրդավարական արժեքների` գենդերային իրավահավասարության, սոցիալական արդարության, սոցիալական պատասխանատվության, անկախ սեռից, դավանանքից, տարիքից` մարդու իրավունքների և ազատությունների գերակայության մասին: Ձևավորվում են նաև իրավահավասար, հայրիշխանական կարծրատիպերից ձերբազատված աշխարհընկալման հիմքերը:
Նախագծի կայունության մասին է վկայում է այն փաստը, որ սկսած 2007-2008 ուսումնական տարվանից համալսարանների ուսումնական գործընթացում ներդրած միջառարկայական և հատուկ գենդերային դասընթացները բուհերի մեծ մասում ընդգրկվել են դասախոսների ուսումնական ծանրաբեռնվածության մեջ, իսկ մի շարք բուհերում արդեն ստուգարքներ են ընդունվում այդ առարկաներից:
Նախագծի շրջանակներում պատրաստվել է Վերլուծական տեղեկանք բարձրագույն դպրոցում գենդերային կրթության ինստիտուցիոնալացման արդյունքների մասին, որը ներկայացվել է ՀՀ կրթության և գիտության նախարարություն, ապա քննարկվել է բուհերի ռեկտորների կլոր սեղանի ընթացքում, ինչպես նաև պատրաստվել են երաշխավորություններ հետագա ժամանակաշրջանի համար:
1.6. Գենդերային կրթության ինստիտուցիոնալացումը հանրակրթության համակարգում սկսվել է 2002-2003 ուսումնական տարվանից: Փորձնական դասերը նպատակ ունեին պարզել, ինչպես են բարձր դասարանների աշակերտներն ընկալում գենդերային հիմնախնդիրների մասին գիտելիքները` շեշտը դնելով հասարակության մեջ գենդերային հավասարության հիմնախնդիրների նկատմամբ նրանց զգայնության բարձրացման վրա:
2004 թ. Հանրակրթական դպրոցների 36 ուսուցիչների համար Գենդերային դպրոց անցկացնելուց եւ 2004-2005 ուսումնական տարում գենդերային գիտելիքների դասավանդմամբ հանրակրթական դպրոցների թիվն աճեց: Գենդերային դասեր ներդրվեցին 34 հանրակրթական դպրոցներում, այդ թվում Երևանում դասավանդումն իրականացվում էր 5, Շիրակի մարզում` 8, Լոռու` 10, Սյունիքի` 2, Կոտայքի` 4, Արմավիրի` 3, Արարատի և Արագածոտնի մարզերում` մեկական դպրոցներում:
Առաջին փուլում դասավանդումն իրականացվել է ողջ ուսումնական տարվա ընթացքում, շաբաթական մեկ ժամ (ընդամենը 32 ժամ) ըստ ուսուցիչների մշակած հեղինակային ծրագրերի` «Գենդերային գիտելիքների հիմունքներ», «Գենդերային իրավահավասարություն», «Գենդերը և խտրականության հիմնախնդիրները», «Գենդերը և իրավունքը», «Գենդերային իրավահավասարությունը մարդու իրավունքների համատեքստում», «Գենդերային հավասարությունը որպես քաղաքակրթության հիմք», «Հավասարության գենդերային առումները», «Գենդերը հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների համատեքստում», «Գենդերային իրավահավասարությունը քաղաքացիական հասարակությունում»: Բոլոր ծրագրերի թեմատիկան նպատակաուղղված էր բարձր դասարանցիների քաղաքացիական ակտիվության և գենդերային իրավագիտակցության ձևավորմանը` գենդերային հավասարության, հավասար իրավունքների, հասարակության կենսագործունեության մեջ տղամարդկանց և կանանց հավասար մասնակցության և հավասար պատասխանատվության մասին գիտելիքների հաղորդման միջոցով:
Դասավանդման ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել գիտելիքների հաղորդմանը գենդերային հավասարության, քաղաքացիական հասարակության մեջ տղամարդկանց և կանանց հավասար իրավունքների, քաղաքական ոլորտում խտրականության, զբաղվածության և աշխատանքի ոլորտում խտրականության և խտրարարության մասին, գենդերային կարծրատիպերի` որպես գենդերային հավասարությանը հասնելու խոչընդոտների մասին, մասնակցության ժողովրդավարության` որպես քաղաքացիական ու քաղաքական մասնակցության և քաղաքական պատասխանատվության բարձրացման հնարավորության մասին:
2006-2007 ուսումնական տարվանից հանրակրթական դպրոցների ավագ դասարաններում գենդերային գիտելիքների դասավանդումըիրականացվում է ըստ «Գենդերային գիտելիքների դասեր» ուսումնական ձեռնարկի և դրան կից մեթոդական երաշխավորությունների, որոնք մշակվել են Ասոցիացիայի գենդերային հետազոտությունների կենտրոնի փորձագետների կողմից միասնական ուսումնական ծրագրի հիման վրա:
2007-2008 ուսումնական տարում դասավանդումն իրականացվել է երկրի 27 դպրոցների 33 դասարաններում, այդ թվում Երևան, Գյումրի, Վանաձոր քաղաքների 16, հանրապետության 6 մարզերի 11 դպրոցներում:
Դասավանդումն իրականացվել է ինտերակտիվ եղանակով` վարժանքների և ընձեռվող նյութերի և առաջադրանքների կիրառմամբ:
Յուրաքանչյուր կիսամյակի արդյունքներով անցկացվում են կլոր սեղաններ, որոնց հրավիրվում են զուգահեռ դասարանների աշակերտներ, այլ առարկաների ուսուցիչներ: Կլոր սեղանները թույլ են տալիս բացահայտել սովորողների կողմից անցած նյութի յուրացման աստիճանը:
Դասավանդման գործընթացը վերահսկելու և սովորողների կողմից ուսումնական նյութի յուրացման աստիճանը գնահատելու համար ամեն տարի աշակերտներին առաջարկվում է տնային շարադրություն գրել: Տնային շարադրությունների թեմաներն առաջարկում է նախագծի ղեկավարությունը, և յուրաքանչյուր աշակերտ ընտրության հնարավորություն ունի: Բոլոր դպրոցներում անցկացվում է նաև դասարանային շարադրություն միասնական թեմայով, ինչը հնարավորություն է տալիս համեմատել տարբեր տարածաշրջանների դպրոցներում դասավանդման հաջողությունները, ինչպես նաև բացահայտել դպրոցականների կողմից գենդերային հավասարության հիմնախնդիրների ընկալման աստիճանը և հասարակության մեջ կանանց դերի նկատմամբ նրանց վերաբերմունքի փոփոխությունները:
2007-2008 ուսումնական տարում դասավանդման արդյունքների գնահատման նպատակով բոլոր դասարաններում անցկացվել է խաղ «Մենք ընտրում ենք ՀՀ նախագահ» և հարցում, որի նպատակն էր բացահայտել սովորողների գիտելիքները հինգ գենդերային առանցքային բառերի և հասկացությունների մասին:
1.7. Հանրակրթական դպրոցում գենդերային կրթության ինստիտուցիոնալացման ողջ աշխատանքը վերահսկելու, համակարգելու և դասավանդման արդյունավետության բարձրացումն ապահովելու գործում զգալի դեր են ունեցել Երևանում, Գյումրիում և Վանաձորում ստեղծածԳենդերային կրթության ռեսուրսային կենտրոնները:
Գենդերային կրթության ռեսուրսային կենտրոնները ամեն ամիս երկուական սեմինար և խորհրդակցություններ են անցկացնում նախագծում ընդգրկված գենդերային գիտակարգեր դասավանդողների համար:
Ռեսուրսային կենտրոնները Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում, Լոռու, Շիրակի, Կոտայքի, Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի մարզերում անցկացրել են սեմինարներ դպրոցների տնօրենների, ուսմասվարների, հասարակագիտական առարկաների ուսուցիչների համար` ներգրավելով բարձրագույն դպրոցի դասախոս-փորձագետներին:
2002-2008 թվականների ընթացքում ուսուցում է անցել 3650 աշակերտ, այդ թվում 2072 աղջիկ և 1578 տղա:
Նախագծի շրջանակներում պատրաստվել է Հայաստանի հանրակրթական դպրոցներում գենդերային կրթության ինստիտուցիոնալացման մասին տեղեկանք, որը ներկայացվել է ՀՀ կրթության և գիտության նախարարություն, ապա քննարկվել է հանրակրթական դպրոցների տնօրենների կլոր սեղանի ընթացքում, ինչպես նաև պատրաստվել են երաշխավորություններ հետագա ժամանակաշրջանի համար: