ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

demlogo

ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

 

ստեղծվել է 2000 թվականի հոկտեմբերին
«Կինը եւ հասարակությունը. գենդերային հավասարությունը ժողովրդավարության զարգացման հեռանկարում» ծրագրի շրջանակներում:
2003 թվականից Կենտրոնը իր գործունեությունը շարունակում է
«Կանանց նախաձեռնություններ. աջակցություն ժողովրդավարությանը եւ քաղաքացիական հասարակությանը»եւ
«Քաղաքացիական հասարակության նախաձեռնություններ. աջակցություն գենդերային հավասարությանը եւ ժողովրդավարությանը»

ծրագրերի շրջանակներում

Կենտրոնի ստեղծման նախադրյալները

Հասարակության փոխակերպման ժամանակաշրջանը ենթադրում է անհատի դիրքերի ամրապնդում, պետական հարկադրանքի մեխանիզմի սահմանափակում, արդարացի սոցիալական կառուցվածքի հաստատում:

Այս ամենը հնարավոր է որոշակի սոցիալական եւ մշակութային մթնոլորտի ստեղծման դեպքում, որը հիմնված լինի քաղաքացիական շահերի լայն սպեկտր և քաղաքացիական հասարակության առկայություն նախատեսող ժողովրդավարական արժեքների վրա:

Քաղաքացիական հասարակությունը ենթադրում է բոլոր քաղաքացիների ունակությունների իրացման հավասար հնարավորություններ, քաղաքացիական մասնակցության բարձր աստիճան, որոնք ժողովրդավարական վերափոխումների անշրջելիության եւ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման երաշխիք են:

Այս խնդիրների հաջող իրականացման համար անհրաժեշտ է նպատակաուղղված գործունեություն ժողովրդավարական վերափոխումների գործընթացներում ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց ընդգրկման ուղղությամբ: Հայաստանում անցումային շրջանում այս գործընթացները խիստ դանդաղ են ընթանում, իրական փաստերի վերլուծությունը ցույց է տալիս հասարակական-քաղաքական եւ սոցիալ-տնտեսական կյանքի բոլոր ոլորտներում գենդերային անհամաչափության խորացում, բացահայտում է կանանց համար հնարավորությունների փաստացի անհավասարություն, ակտիվ քաղաքական մասնակցությունից նրանց օտարում:

Անհրաժեշտ է Հայաստանում հասարակական-քաղաքական իրադրության և զարգացման միտումների մոնիտորինգ, ինչպես նաեւ հետազոտական աշխատանք՝ ուղղված քաղաքացիական հասարակության կայացման գործում կանանց եւ տղամարդկանց մասնակցության առավել առաջնահերթ խնդիրների և մասնակցության արդյունավետ մեխանիզմների բացահայտմանը և հետագայում պրակտիկ գործողությունների երաշխավորությունների մշակմանը:

Կենտրոնի գործունեությունն ուղղված է.

— հասարակության ժողովրդավարական ինստիտուտների, քաղաքացիների իրավունքների եւ պարտականությունների մասին գիտելիքների տարածմանը, նոր ժողովրդավարական մշակույթի ձեւավորմանը,

— քաղաքացիական հասարակության մեջ հանդուրժողականության, փոխադարձ վստահության, երկխոսության եւ փոխըմբռնման սկզբունքների վրա հիմնված ժողովրդավարական արժեքների հաստատմանը,

— կանանց քաղաքացիական եւ քաղաքական ակտիվության բարձրացման միջոցով ժողովրդավարական վերափոխումների գործընթացներում նրանց ներգրավմանը,

— կանանց՝ հասարակության մեջ եւ միջպետական հարաբերություններում խաղաղության ու համաձայնության ապահովմանը ուղղված նախաձեռնությունների զարգացմանը:

dem1

Կենտրոնի խնդիրները

• Տնտեսական եւ քաղաքական վերափոխումների եւ հասարակությունում կանանց ու տղամարդկանց սոցիալական կարգավիճակի փոփոխության վրա դրանց ազդեցության վերլուծություն:

• Հանրապետությունում քաղաքական գործընթացների մասին բարձրագույն կրթությամբ կանանց և տղամարդկանց կարծիքների, Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքի նրանց գնահատականի ուսումնասիրություն:

• Անցումային շրջանի հասարակության պայմաններում քաղաքացիական ակտիվության աստիճանի, քաղաքական մասնակցության գենդերային տեսանկյունների եւ կանանց էլեկտորալ վարքի բացահայտում:

• Հասարակության գենդերային մշակույթի հետազոտում:

• Պատերազմի եւ խաղաղության, հայ հասարակության հանդուրժողականության, քաղաքական եւ քաղաքացիական երկխոսության մշակույթի մասին հասարակական կարծիքի բացահայտում:

• Պետական քաղաքականության եւ օրենսդրության գենդերային փորձաքննության անցկացում:

dem2

 

Կենտրոնի գործունեության ձևերը

• խորհրդաժողովների, կլոր սեղան-բանավեճերի, երկխոսությունների անցկացում,
• Հայաստանում հասարակական-քաղաքական իրավիճակի եւ դրա զարգացման միտումների մոնիտորինգ, hասարակական կարծիքի հարցում,
• ժողովրդավարության եւ խաղաղության հիմնահարցերին նվիրված գրադարանի ստեղծում և հարստացում:

Կենտրոնի աշխատանքներին մասնակցում են կանանց հասարակական կազմակերպությունների եւ քաղաքական կուսակցությունների լիդերներ և ակտիվիստներ, քաղաքագետներ, փիլիսոփաներ, իրավաբաններ, սոցիոլոգներ, պատմաբաններ, հոգեբաններ, ազգագրագետներ, լեզվաբաններ, իրավապաշտպաններ, օրենսդիր եւ գործադիր իշխանությունների ներկայացուցիչներ:

Կենտրոնը ղեկավարում է կոորդինացիոն գիտական խորհուրդը

Կենտրոնի գործունեության արդյունքները

— Կարծիքների եւ մտքերի փոխանակման, կլոր սեղանների ընթացքում ծավալվող բանավեճերը, երկխոսությունները եւ քննարկումները նպաստում են կանանց կողմից սեփական տեսակետի եւ դիրքորոշման պաշտպանության եւ հաստատման կարողությունների զարգացմանը:

— Ձեռք բերված հմտությունները օգտագործվում են կանանց խմբերի եւ կազմակերպությունների ղեկավարման, իշխանական կառույցներում հասարակությանը հուզող հիմնահարցերի լոբբինգի ընթացքում:

— Կանայք դառնում են խաղաղության եւ ժողովրդավարության գաղափարների տարածողներ, նպաստում են լայն հասարակայնության շրջանում եւ անկախ մամուլում քաղաքական եւ քաղաքացիական երկխոսության մշակույթի ձեւավորմանը:

— Փոխակերպման գործընթացներին ակտիվ մասնակցությամբ կանայք օժանդակում են քաղաքացիական հասարակության ձեւավորմանը եւ ժողովրդավարական գործընթացների խորացմանը, հասարակության մեջ վստահության, ներքաղաքական կայունության մթնոլորտի ստեղծմանը:

dem3

 

2000-2007 թվականների ընթացքում կենտրոնի գործունեությունը

76 կլոր սեղանների եւ բանավեճերի անցկացում, որոնք նվիրված են եղել քաղաքացիական հասարակության կայացմանը և հասարակությունում ժողովրդավարության խորացմանը, Հայաստանում ժողովրդավարության անշրջելիության նախապայմանների ստեղծման գործում քաղաքացիական հասարակության ինստիտուտների դերի բարձրացմանը, քաղաքացիների իրավական իրազեկությանը և իրենց իրավունքների իրացման համար պատասխանատվությանը, միջազգային ինտեգրման և գլոբալացման հիմնախնդիրներին և նպատակաուղղված են եղել հասարակական-քաղաքական կյանքում, ընտրական գործընթացներում կանանց եւ տղամարդկանց ակտիվ դիրքորոշման ձեւավորմանը, քաղաքական կուսակցությունների հետ աշխատանքի աշխուժացմանը, մասնակցության ժողովրդավարության եւ ժողովրդավարական կառավարման էության ըմբռնմանը, քաղաքականության մեջ կանանց մասնակցության ակտիվացմանը:

Կլոր սեղանների աշխատանքներին, բանավեճերին և երկխոսություններին մասնակցել են ավելի քան 2300 կանայք և տղամարդիկ՝ Երեւանում, Գյումրիում, Վանաձորում, Աշտարակում, Կապանում, Էջմիածնում, Իջեւանում, Ստեփանավանում, Աբովյանում եւ Գավառում:

2003-2007 թթ.կենտրոնի կլոր սեղանները նվիրված էին հետևյալ հիմնախնդիրներին.

 Հայաստանում հասարակական-քաղաքական իրավիճակին, քաղաքացիական հասարակության կայացմանը եւ ժողովրդավարության զարգացման գործում քաղաքացիների միավորումների դերին, ընտրական ժողովրդավարությանը, ժողովրդավարական ընտրությունների անցկացման գործում քաղաքացիական հասարակության ինստիտուտների դերին և պատասխանատվությանը, ԶԼՄ-ներում հասարակայնորեն կարևոր կամպանիաների կազմակերպմանը, ժողովրդավարության զարգացմանը և քաղաքացիական հասարակության կայացմանը Հայաստանում սահամանդրական փոփոխությունների դիսկուրսի ներքո, ժողովրդավարական կառավարմանը. մատչելիությանը, թափանցիկությանը, իշխանությունների պատասխանատվությանը, ինչպես նաեւ մասնակցության ժողովրդավարությանը:

— Տնտեսական և քաղաքական գործոնների փոխազդեցությանը, ժողովրդավարական արժեքների պաշտպանության համար կոռուպցիայի դեմ պայքարին, իշխանության և քաղաքացիական հասարակության կառույցների փոխազդեցությանը, ժողովրդավարության զարգացման գործոն հանդիսացող սոցիալական գործընկերությանը, քաղաքացիական մասնակցության կոնսոլիդացմանը, տեղական մակարդակում իշխանությունների եւ ՀԿ-ների սոցիալական գործընկերության զարգացմանը:

— Կանանց քաղաքացիական և քաղաքական մասնակցությանը, կանանց հասարակական շարժման վիճակի և կայացման ուղիների գնահատմանը, հասարակական ոլորտի, քաղաքական կուսակցությունների և իշխանական կառույցների հետ կանանց համագործությանը:

— Եվրոպական հանրությանը Հայաստանի ինտեգրման, եվրոպական կառույցների մոտեցումների դիրքերից եւ ազգային համատեքստում կանանց հասարակական շարժման հետագա զարգացման նոր հնարավորություններին, գենդերային անհամաչափության հաղթահարմանը և հասարակության մեջ գենդերային հավասարակշռության ապահովմանը:

Կենտրոնը անցկացրել է 6 միջազգային խորհրդաժողովներ

• «Հայաստանի կանայք 21-րդ դարում: Գենդերային հավասարություն. կանանց քաղաքացիական և քաղաքական մասնակցություն» խորհրդաժողովում բանավեճերը հնարավորություն տվեցին վերլուծելու խորացող գենդերային անհամաչափության և հայ հասարակությունում ծագող գենդերային կոնֆլիկտի պատճառները, քննարկելու գենդերային կարծրատիպերի, գենդերային խտրականության հիմնախնդիրները և մշակելու հասարակական կազմակերպությունների ռազմավարությունները հասարակությունում գենդերային անհավասարակշռության հաղթահարման ուղղությամբ:

2000թ. ապրիլ

• «Քաղաքակրթությունների երկխոսություն. ժողովրդավարություն և խաղաղություն» խորհրդաժողովում անցումային շրջանի երկրների սոցիալ-տնտեսական և հասարակական-քաղաքական հիմնախնդիրների ընդհանրության տեսանկյունից քննարկվեցին հիմնական մոտեցումների՝ ժողովրդավարական արժեքների էվոլյուցիայի, ժողովրդավարական վերափոխումների և տնտեսական զարգացման փոխկապվածության, մարդու իրավունքների՝ որպես համամարդկային արժեքների համակարգի, հիմնախնդիրները: Հատուկ ուշադրության արժանացան կանանց քաղաքացիական և քաղաքական ակտիվության հիմնախնդիրները՝ ուշադրությունը բևեռելով խաղարարար գործընթացներում նրանց մասնակցության անհրաժեշտության վրա:

2001թ. հոկտեմբեր

• «Կանանց շարժումը Հայաստանում. Նախապատվություններ և զարգացման հեռանկարներ»խորհրդաժողովում, դիտելով հասարակական շարժումը որպես քաղաքացիական հասարակության կարևորագույն ինստիտուտ, քննարկվեցին կանանց հասարակական կազմակերպությունների գործունեության արդյունավետության բարձրացման ուղիները, ընդհանուր նպատակների և համատեղ գործունեության ռազմավարությունների ձևավորման, հասարակական գործընթացներում կանանց ավելի լայն ընդգրկման հնարավորությունները: Քննարկվել են իշխանական կառույցների հետ սոցիալական գործընկերության հաստատման, պետության քաղաքականության մեջ գենդերային մոտեցումների ինտեգրման, օրենսդիր և գործադիր իշխանության համակարգում կանանց ներկայացվածության ընդլայնման հնարավորությունները:

2002թ. հուլիս

• «Ժողովրդավարության կոնսոլիդացում. քաղաքացիական հասարակությունը գլոբալացման հեռանկարում»խորհրդաժողովը նվիրված էր գլոբալացման և կայուն զարգացման, ժողովրդավարության և խաղաղության քաղաքական չափումների, սոցիալ-տնտեսական կայունության հիմնախնդիրներին՝ տարածաշրջանային քաղաքականության և գլոբալացման գործընթացների տեսանկյունից: Քննարկվեցին մարդու իրավունքների հիմնախնդիրները, նշվեց քաղաքական մշակույթի ժողովրդավարացման և իշխանական կառույցների հետ քաղաքացիական հասարակության սոցիալական գործընկերության անհրաժեշտությունը, ինչպես նաև Հայաստանում քաղաքացիական հասարակության ինստիտուտների դերի բարձրացման և ժողովրդավարության կոնսոլիդացման հիմնախնդիրները:

2003թ. մարտ

• «Մասնակցության ժողովրդավարություն. քաղաքացիական նախաձեռնություններ ու պատասխանատվություն» խորհրդաժողովը նվիրված է Հայաստանում ժողովրդավարական գործընթացների անշրջելիության համար քաղաքացիների նախաձեռնությունների զարգացման ու պատասխանատվության գործում քաղաքացիական հասարակության ինստիտուտների մասնակցության և դերի հիմնախնդիրներին, արդյունավետ քաղաքացիական հասարակության կայացման ժողովրդավարական քաղաքական մեխանիզմների քննարկմանը:

2004թ. հուլիս

• «Անցումային շրջան. քաղաքացիական հասարակությունը եւ ժողովրդավարացման կառուցման հիմնահարցերը» խորհրդաժողովում ծավալված բանավեճը հնարավորություն տվեց ավելի լավ հասկանալու անցած տարիներին Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները, քննակելու ժողովրդավարացման գործընթացները ժամանակակից փուլում, հետխորհրդային երկրներում քաղաքացիական հասարակության ձեւավորման առանձնահատկությունները` Հայաստանի օրինակով, կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների ժողովրդավարացման` որպես հայ հասարակության քաղաքական մշակույթի ժողովրդավարացման անհրաժեշտ նախապայմանի, հիմնախնդիրները, հասարակական կազմակերպությունների, քաղաքական կուսակցությունների եւ իշխանական կառույցների համագործակցության դժվարություններն ու հաջողությունները:

2005թ. նոյեմբեր
2002-2006թթ. Ժողովրդավարության և խաղաղության կենտրոնը կատարել են սոցիոլոգիական հետազոտություններ հետևյալ հիմնախնդիրների վերաբերյալ.

— փոխակերպվող հասարակության պայմաններում Հայաստանում կանանց դրության և սոցիալական կարգավիճակի ուսումնասիրում,

— ղարաբաղյան կոնֆլիկտի քաղաքական չկարգավորվածության պայմաններում պատերազմի և խաղաղության նկատմամբ կանանց և տղամարդկանց վերաբերմունքի բացահայտում,

— կանանց ակտիվության աստիճանի, քաղաքացիական հասարակության ինստիտուտներից և իշխանանական կառույցներից տղամարդկանց և կանանց սոցիալական սպասումների ուսումնասիրում,

— նախընտրական իրավիճակի օբյեկտիվ պատկերի, կանանց և տղամարդկանց էլեկտորալ նախապատվությունների, ընտրական գործընթացներում հասարակական կազմակերպությունների տեղի և դերի վերհանում,

— Հայաստանում քաղաքացիական հասարակության կայացման և ժողովրդավարացման գործընթացների միտումների և դինամիկայի բացահայտում:

Սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքները հրատարակվել են վեց ժողովածուներում.

— «Կանայք զարգացման մեջ: Ժամանակակից հասարակության գենդերային հիմնահարցեր» (1999)
— «Ընտրությունները և ժողովրդավարությունը՝ քաղաքացիական հասարակության գործոն» (2003),
— «Քաղաքական մասնակցությունը անցումային հասարակությունում. գենդերային հավասարության չափումը» (2006, ռուսերեն, հայերեն և անգլերեն):

Ժողովրդավարության և խաղաղության կենտրոնը դարձել է յուրօրինակ «հանրային համաժողով», որտեղ հասարակայնորեն ակտիվ կանանց և տղամարդկանց հնարավորություն է տրված մասնակցելու բանավեճերի՝ նվիրված հասարակական զարգացման այնպիսի հրատապ հիմնահարցերի, ինչպիսիք են ժողովրդավարության մշակույթը, քաղաքացիական և քաղաքական երկխոսությունը, քաղաքացիական համաձայնությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, խաղաղարար գործունեությունը, ժողովրդավարական ինստիտուտների կայացումը, ընտրական գործընթացների կատարելագործումը, քաղաքացիական մասնակցության և քաղաքացիական պատասխանատվության բարձրացումը, ինչպես նաև տեսակետ ձևավորելու հանրապետությունում տեղի ունեցող քաղաքական գործընթացների վերաբերյալ: