ԳՈՐԻՍ ՍԵՄԻՆԱՐ 21.07.08
2008 թ. հուլիսի 21-ին Գորիսում տեղի ունեցավ սեմինար «Կանայք և հասարակությունը. քաղաքացիական նախաձեռնությունները որպես մարդու իրավունքների պաշտպանության գործոն» թեմայով, որին մասնակցեցին Ասոցիացիայի Գորիսի մասնաճյուղի, «Գորիսի սերունդ», «Առողջ մայրեր», «Սյունյաց արծիվներ» հասարակական կազմակերպությունների, քաղաքապետարանի ներկայացուցիչներ, դպրոցների ուսուցիչներ, Գորիսի պետական համալսարանի և քոլեջի դասախոսներ:
Մասնակիցները ծանոթացան քաղաքացիական հասարակության հիմնական ինստիտուտներին և գործառույթներին, որոնք, լինելով քաղաքացիների անկախ միավորումներ, կարող են հանդիսանալ տեղեկատվության աղբյուր իշխանության համար, արտացոլում են հասարակայնության վերաբերմունքը պետական շինարարության տարբեր խնդիրներին և դասական իմաստով կոչված են կատարելու իշխանության նկատմամբ հակակշռի գործառույթը:
Որպես ոչ կառավարական կազմակերպությունների կարևոր գործառույթ նշվեց աջակցումը կանանց կադրերի աճին ակտիվ հասարակական-քաղաքական գործունեության միջոցով, որը հնարավորություն է ստեղծում կանանց վերա-սոցիալականացման համար և ընդլայնում նրանց հասարակական և քաղաքական մանսկացության հնարավորությունները:
Վերլուծվեցին Հայաստանում քաղաքացիական հասարակության ինստիտուտների թույլ զարգացման պատճառները, նշվեց, որ ստեղծված պայմաններում հատուկ նշանակություն է ձեռք բերում քաղաքացիական ակտիվությունը և մասնակցությունը` «լինել քաղաքացի նշանակում է ոչ միայն իրավունքներ ունենալ, այլ նաև որոշակի պատասխանատվություն կրել»: Որպես դրական գործոն նշվեց երիտասարդության ներգրավումը հասարակական գործընացներում:
Համայնքի զարգացման գործում կանանց դերին նվիրված պարապմունք անցկացնելիս, փորձագետը ձևակերպեց համայնքի սահմանումը որպես հասարակական-տարածքային միավորի` համայնք, գյուղ, քաղաք, ինչպես նաև որպես սոցիալական-կազմակերպական միավորի, որը հիմնված է ընդհանուր շահերի կամ կենսապայմանների վրա: Շեշտադրվեց համայնքի զարգացման գործում խմբի յուրաքանչյուր անդամի անձնական մասնակցության կարևորությունը: Քննարկվեցին տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավորապես, ավագանու ներկայացուցիչների հետ աշխատանքի տեխնոլոգիաները, հիմնավորվեց համայնքի զարգացման գործում կանանց մասնակցության կարևորությունը:
Որպես կանանց սոցիալական ակտիվության զարգացման հնարավոր ռազմավարություններ առաջարկվեցին.
— կանանց համար հատուկ կրթական ծրագրերի իրականացումը, մասնավորապես, նվիրված իրավունքներին և քաղաքացիական մասնակցությանը,
— համայնքի կյանքում կանանց մասնակցության մակարդակի, նրանց կարիքների և կարծիքների բացահայտմանն ուղղված հետազոտությունների անցկացումը,
— համայնքի զարգացման ծրագրերը կազմելիս և իրականացնելիս կանանց մասնակցության ապահովումը,
— հասարակական կառույցի ստեղծումը, որն ակտիվ կարձագանքի կանանց նկատմամբ խտրականության հետ կապված հիմնախնդիրներին,
— մշտական երկխոսությունը կանանց և տեղական կազմակերպությունների և տեղական ինքնկառավարման մարմինների ակտիվիստների խմբերի միջև,
— տեղական ԶԼՄ-ներում և հեռուստակայաններում կանանց համար նախատեսված հաղորդումների ստեղծումը, որոնք կանդրադառնան նրանց կարիքներին, իրավունքներին և շահերին:
Սեմինարն ավարտվեց կլոր սեղանով-երկխոսությամբ, որն անդրադարձավ հանրապետության համար արդիական խնդրին` Հասարակական խորհրդի ստեղծմանը: Քննարկվեցին դրա ստեղծման դրդապատճառներն ու նախադրյալները, կառուցվածքը, գործառույթները, կազմի ձևավորման մեխանիզմը:
Որպես Հասարակական խորհրդի ձևավորման մեխանիզմ, որը կարող է ապահովել մարզերի ներկայացուցիչների ներգրավումը, առաջարկվեցին.
— մարզային կառույցների ստեղծումը,
— Հասարակական խորհրդի անդամների ընտրությունը հանրապետության Խորհրդարանի մեծամասնական ընտրությունների սկզբունքով, բայց ավելի ժողովրդավարական հիմքերով:
Սեմինարը վարեց Ագնեսա Դարբինյանը` Ասոցիացիայի Գորիսի մասնաճյուղի նախագահ, Գորիսի պետական մանկավարժական քոլեջի տնօրեն, որպես փորձագետներ պարապմունքներն անցկացրեցին Նատալյա Մարտիրոսյանը` Հայկական հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի համանախագահ, քիմիական գիտությունների թեկնածու, և Լիլիթ Զաքարյանը` Ասոցիացիայի փոխնախագահ, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու: