ՏԱՇԻՐ ՍԵՄԻՆԱՐ 23.08.08
2008 թ. հունիսի 23-ին Տաշիր քաղաքում տեղի ունեցավ սեմինար «Քաղաքական մասնակցությունը որպես հայ հասարակության ժողովրդավարացման գործոն. գենդերային առումներ» թեմայով, որին մասնակցեցին Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի նոր մասնաճյուղի անդամները, ինչպես նաև հանրակրթական դպրոցների ուսուցիչներ:
Սեմինարի նպատակն էր բարձրացնել իրավական իրազեկությունը և լուսաբանել արդի հասարակության գենդերային հիմնախնդիրները:
Սեմինարի ընթացքում մասնակիցներին ներկայացվեց գենդերը` որպես նոր սոցիոմշակութային հարացույց, որպես հասարակության կողմից մարդկանց պարտադրվող սոցիալական և մշակութային նորմերի ամբողջություն: Նշվեց, որ գենդերը կառուցվում է հասարակության կողմից որպես կանանց և տղամարդկանց վարքի մոդել, որը կանխորոշում է նրանց դերը հասարակությունում և նրա ինստիտուտներում:
Մասնակիցները ծանոթացան քաղաքական մասնակցության գենդերային առումներին, պարզաբանվեց անհատների գենդերային գիտակցության կառուցման համակարգը, ընդգծվեց, որ իշխանության գենդերային անհավասարակշռությունը հանգեցնում է սոցիալական արդարության սկզբունքի և մարդու իրավունքների խախտման: Իշխանությունից օտարման պատճառով հասարակության կեսը կազմող կանանց ներուժը արդյունավետ չի օգտագործվում: Քննարկվեցին հասարակությունում գենդերային կարծրատիպերի պահպանման պատճառները և դրանք հաղթահարելու ուղիները, բացահայտվեցին խտրականությունը և ինքնախտրականությունը:
Մասնակիցներին ներկայացվեցին անդամ-պետություններին ուղղված` Նախարարների կոմիտեի «Քաղաքականության բնագավառում և հասարակական կյանքում որոշումների ընդունման գործընթացում կանանց և տղամարդկանց հավասարակշռված մասնակցության մասին» երաշխավորությունները Rec(2003)3, կանանց և տղամարդկանց միջև հավասարության հարցերով նախարարների 5-րդ Եվրոպական համաժողովի Հռչակագիրը և «Սեռերի հավասարություն. առանցքային հարց հասարակությունների համար վերափոխումների փուլում» գործողությունների ծրագիրը (Սկոպյե, 22-23 հունվարի 2003 թ.), ինչպես նաև «դրական գործողությունների» քաղաքականության մեխանիզմը:
Սեմինարի մասնակիցները ծանոթացան ՀՀ Ընտրական օրենսգրքին: Մանրամասն ներկայացվեց օրենսդրական իշխանության մեջ գենդերային հավասարակշռության խնդիրը 2007 թ. խորհրդարանական ընտրություններից հետո: Քննարկվեցին նաև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու հասարակական կազմակերպությունների հնարավորությունները:
Ներկայացվեց Մարդու իրավունքների և հիմնական ազատությունների եվրոպական կոնվենցիան, որը Հայաստանը վավերացրել է 2001 թվականին` Եվրոխորհուրդ մտնելուց հետո: Նշվեց, որ Եվրոպայի Խորհուրդը Հայաստանի առջև խնդիր է դրել մինչև 2020 թ. մեծացնել կանանց ներկայացվածությունը խորհրդարանում և այլ ընտրական մարմիններում առնվազն մինչև 40 տոկոս:
Սեմինարի ավարտին փորձագետները հասարակական կազմակերպություններին երաշխավորություններ տվեցին տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության մեջ ակտիվ կանանց ներգրավելու ուղղությամբ: Առանձնակի ընդգծվեց կանանց գիտելիքների և փորձի կարևորությունը:
Սեմինարի մասնակիցները միացան Ասոցիացիայի և կանանց այլ հասարակական կազմակերպությունների նախաձեռնությանը` կազմակերպել լոբբինգ, որպեսզի ՀՀ Ընտրական օրենսգրքում նախատեսվի 30-տոկոսանոց գենդերային քվոտա, պատրաստեցին և ստորագրեցին Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին առաջարկությունը` հասցեագրված ՀՀ Ազգային ժողովում ձևավորված հանձնաժողովին:
Սեմինարն անցկացրեցին փորձագետներ` ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Լիլիթ Զաքարյանը և իրավաբան, Սահմանադրական դատարանի անդամի օգնական Լիլիթ Սիմոնյանը: