Մեր մասին

Ասոցիացիայի առաքելությունն է

նպաստել Հայաստանում ժողովրդավարական, քաղաքացիական հասարակության ձևավորմանը,
— աջակցել մարդու իրավունքների պաշտպանության նախաձեռնություններին, կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովմանը,
— աջակցել հասարակության մեջ կանանց կարգավիճակի բարձրացմանը, կանանց քաղաքական և քաղաքացիական մասնակցության ակտիվացմանը, գենդերային խտրականության և գենդերային կարծրատիպերի հաղթահարմանը,
— աջակցել քաղաքացիական նախաձեռնությունների խթանմանը, «խաղաղության մշակույթի» քարոզչությանը և խաղաղասիրական գործընթացների իրականացմանը:

Ասոցիացիան գործում է որպես մի կառույց, որը զբաղվում է ազգային ու միջազգային մակարդակներով քաղաքացիների իրավունքների պաշտպանությամբ, սոցիալական լոբբինգով, գիտական եւ կրթական, տեղեկատվական և վերլուծական ու խորհրդատվական գործունեությամբ:
Ասոցիացիան մասնակցել է

2000 թ. հունվարին Ժնևում կայացած «Պեկին+5» ՀԿ-ների ֆորումին
2000 թ. հունիսի 5-9-ը` Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի «Կանայք 2000. գենդերային հավասարություն, զարգացում և խաղաղություն XXI դարում» հատուկ նստաշրջանին:
2004 թ. դեկտեմբերին Ասոցիացիան մասնակցել է «Պեկին+10» գործընթացների շրջանակներում Ժնևում կայացած նախապատրաստական խորհրդաժողովին
2005 թ. փետրվար-մարտ ամիսներին Նյու Յորքում` Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 49-րդ նստաշրջանին:

Ասոցիացիայի գուրծունեությունը
Ասոցիացիան իրականացրել է հետևյալ ծրագրերը.

— «Կանայք և զարգացումը. իրավունքներ և հնարավորություններ»,
— «Խաղաղության մշակույթ հանուն զարգացման»,
— «Կինը և հասարակությունը: Գենդերային հավասարությունը ժողովրդավարության զարգացման հեռանկարում»,
— «Կանանց նախաձեռնություններ. աջակցություն ժողովրդավարությանը և քաղաքացիական հասարակությանը»,
— «Աջակցություն Պեկինյան գործողությունների ծրագրին, Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման ՄԱԿ-ի կոնվենցիայի և հազարամյակի զարգացման նպատակների գնահատում»,
— «Գենդերային գիտելիքները որպես ժողովրդավարական մշակույթի և իրավագիտակցության նախադրյալ»
 :

1997-2007 թթ.
Ասոցիաիցան անց է կացրել 10 միջազգային խորհրդաժողովներ

— «Փոխակերպվող հասարակության կանանց հիմնախնդիրները և իրավունքները. իրականություն և հեռանկարներ»,

— «Կանայք և զարգացումը. իրավունքներ և հնարավորություններ»,

— «Կինը և հասարակությունը: Գենդերային իրավահավասարությունը ժողովրդավարության զարգացման հեռանկարում»,

— «Հայաստանի կանայք 21-րդ դարում: Գենդերային հավասարություն. կանանց քաղաքացիական և քաղաքական մասնակցություն»,

— «Խաղաղության մշակույթ. ժողովրդավարություն և մշակույթների երկխոսություն»,

— «Կանանց շարժումը Հայաստանում. նախապատվություններ և զարգացման ռազմավարություններ»,

— «Քաղաքակրթությունների երկխոսություն. ժողովրդավարություն և խաղաղություն»,

— «Ժողովրդավարության կոնսոլիդացում. քաղաքացիական հասարակությունը գլոբալացման հեռանկարում»,

— «Մասնակցության ժողովրդավարություն. քաղաքացիական նախաձեռնություններ և պատասխանատվություն»,

— «Անցումային շրջան. քաղաքացիական հասարակությունը և ժողովրդավարության կառուցման հարցերը»:

Ասոցիացիայի կենտրոնները


Գենդերային հետազոտությունների կենտրոնը և Տեղեկատվական ու Վերլուծական կենտրոնները ստեղծվել են 1996 թ., Խաղաղության և ժողովրդավարության կենտրոնը` 2000թ.: Կենտրոնները իրականացնում են հետազոտական և կրթական ծրագրեր ու հանդես են գալիս որպես մտավոր ներուժի կառույցներ` աջակցելով ասոցիացիայի բազմաբնույթ գործունեությանը:

Ասոցիացիան նախաձեռնել է Հայաստանի 10 համալսարաններում և 35 միջնակարգ հանրակրթական դպրոցներում գենդերային կրթության ինստիտուցիոնալացման գործընթացը մշակվել են գենդերային կրթության պետական չափորոշիչները, ուսումնական ծրագրերը և ձեռնարկները, նախապատրաստել է դասախոսական և ուսուցչական կազմը:

2000-2007 թթ. 76 կլոր սեղանների բանավեճերին և երկխոսություններին մասնակցել են ավելի քան 2300 կանայք և տղամարդիկ՝ Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Իջևանում, Դիլիջանում, Գորիսում, Աշտարակում, Կապանում, Էջմիածնում, Աբովյանում և Ստեփանավանում:

Ժողովրդավարության և խաղաղության կենտրոնը դարձել է յուրօրինակ «հանրային համաժողով», որտեղ հասարակայնորեն ակտիվ կանանց և տղամարդկանց հնարավորություն է տրված մասնակցելու բանավեճերի՝ նվիրված հասարակական զարգացման այնպիսի հրատապ հիմնահարցերի, ինչպիսիք են ժողովրդավարության մշակույթը, քաղաքացիական և քաղաքական երկխոսությունը, քաղաքացիական համաձայնությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, խաղաղարար գործունեությունը, ժողովրդավարական ինստիտուտների կայացումը, ընտրական գործընթացների կատարելագործումը, քաղաքացիական մասնակցության և քաղաքացիական պատասխանատվության բարձրացումը, ինչպես նաև տեսակետ ձևավորելու հանրապետությունում տեղի ունեցող քաղաքական գործընթացների վերաբերյալ:
Ժողովրդավարության և խաղաղության ու Գենդերային հետազոտությունների կենտրոնները
2002-2006թթ. կատարել են սոցիոլոգիական հետազոտություններ հետևյալ հիմնախնդիրների վերաբերյալ.

• փոխակերպվող հասարակության պայմաններում Հայաստանում կանանց դրության և սոցիալական կարգավիճակի ուսումնասիրում
• ղարաբաղյան կոնֆլիկտի քաղաքական չկարգավորվածության պայմաններում պատերազմի և խաղաղության նկատմամբ կանանց և տղամարդկանց վերաբերմունքի բացահայտում,
• կանանց ակտիվության աստիճանի, քաղաքացիական հասարակության ինստիտուտներից և իշխանանական կառույցներից տղամարդկանց և կանանց սոցիալական սպասումների ուսումնասիրում,
• նախընտրական իրավիճակի օբյեկտիվ պատկերի, կանանց և տղամարդկանց էլեկտորալ նախապատվությունների, ընտրական գործընթացներում հասարակական կազմակերպությունների տեղի և դերի ուսումնասիրում,
• Հայաստանում քաղաքացիական հասարակության կայացման և ժողովրդավարացման գործընթացների միտումների և դինամիկայի ուսումնասիրում:

Տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ասոցիացիայի տեղեկատվական-վերլուծական կենտրոնը 1997-2007թթ. հրատարակել է 81 անուն ժողովածուներ` նվիրված քաղաքացիական հասարակության, ժողովրդավարության, քաղաքակրթությունների երկխոսության, գլոբալացման, օրենսդրության գենդերային փորձաքննության հիմնախնդիրներին, և «Համալսարանական կրթությամբ կանայք» լրատուի 49 համարներ:

2000 թ. հիմնադրված Կանանց լիդերության դպրոցի «Բարձրագույն քաղաքական դասընթացներ» ծրագրով 23 հոսքերում սովորել և ավարտել են քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների ավելի քան 740 կին լիդերներ և ակտիվիստներ: