ԿԼՈՐ ՍԵՂԱՆԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ մտցնելու վերաբերյալ
«Գենդերային հավասարակշռությունը իշխանությունում որպես հայ հասարակությունում ժողովրդավարության համախմբման գործոն»
կլոր սեղանի մասնակից
հասարակական կազմակերպությունների առաջարկությունը

Մենք` «Գենդերային հավասարակշռությունը իշխանությունում որպես հայ հասարակությունում ժողովրդավարության համախմբման գործոն» կլոր սեղանի մասնակիցներս` հասարակական կազմակերպությունների և քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներս, նշում ենք, որ կանանց ներկայացվածությունը խորհրդարանում հիմնարար համակարգաստեղծ չափանիշ է և ցույց է տալիս թե’ հասարակության, թե’ ՀՀ Ազգային ժողովի որպես ներկայացուցչական ժողովրդավարության մարմնի ժողովրդավարության աստիճանը:
Սակայն 2007 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքում, որը անցկացվեց ՀՀ Ընտրական օրենսգրքում կուսակցությունների (կուսակցությունների դաշինքի) կանանց ներկայացվածության ամրագրված առնվազն 15% քվոտայի պայմաններում` չնայաց կանանց թիվը ՀՀ Ազգային ժողովում մեծացավ, այսուհանդերձ կազմեց ընդամենը 9,2%: Թեև քվոտան որոշակի առաջընթաց ապահովեց, այնուամենայնիվ ընտրությունների արդյունքում չապահովվեց կանանց 15%-անոց ներկայացուցչություն հանրապետության խորհրդարանում: Իսկ ամենաստվարաթիվ Հայաստանի հանրապետական կուսակցության խմբակցությունում` ընդամենը 3%:
Խորհրդարանական ընտրությունների արդյունքները և հետագայում Հանրապետական կուսակցության ցուցակից չորս կանանց թեկնածությունները ու «Օրինաց երկիր» կուսակցության ցուցակից մեկ կնոջ թեկնածությունը հանելը` պատգամավորական մանդատից «կամավոր հրաժարվելու» պատճառաբանությամբ, վեր հանեցին ընտրական օրենսդրության անկատարությունը:

Մենք` կլոր սեղանի մասնակիցներս`

քննարկելով իշխանության կառույցներում գենդերային հավասարակշռված ներկայացուցչության հիմնախնդիրը և հաշվի առնելով, որ ներկայումս` Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի 1609 բանաձևի համաձայն, ՀՀ Ազգային ժողովում աշխատում է ՀՀ Ընտրական օրենսգրքում բարեփոխումներ նախապատրաստող հանձնաժողովը,
նշելով, որ երկրում գործուն միջոցներ չեն ձեռնարկվում օրենսդիր և գործադիր իշխանության որոշումների ընդունման մակարդակում կանանց և տղամարդկանց զուգակշռված մասնակցության պայմանների ապահովման համար, որոնք բխում են 1993թ. հունիսին Հայաստանի Գերագույն խորհրդի կողմից վավերացված Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին ՄԱԿի կոնվենցիայի և 2007թ. ՀՀ Ազգային ժողովի կողմից վավերացված Կանանց քաղաքական իրավունքների մասին ՄԱԿի կոնվենցիայի տառից ու ոգուց,
հաշվի առնելով, որ ՀՀ Ազգային ժողովի կողմից հավանության արժանացած ՀՀ կառավարության 2008-2012թթ. ծրագրի «Սոցիալական ապահովություն» բաժնում որպես առաջնահերթություն նշված է, որ «հասարակության համախմբման ձեռքբերման, սոցիալական պետության կառուցման և սոցիալական արդարության արմատավորման» նպատակով ….«կառավարության քաղաքականությունն ուղղվելու է գենդերային հավասարության ձեռքբերմանը, տղամարդկանց և կանանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովմանը հասարակական, քաղաքական և տնտեսական ոլորտներում»,
առաջարկում ենք ՀՀ Ընտրական օրենսգրքի 20-րդ գլխի 100-րդ հոդվածի 2-րդ կետը`
«Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ներկայացված ընտրական ցուցակում առնվազն 15 տոկոսը պետք է լինեն կանայք, ընդ որում ընտրական ցուցակի առնվազն յուրաքանչյուր տասներորդը պետք է լինի կին» փոխել և շարադրել հետևյալ կերպ.

«Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ներկայացված ընտրական ցուցակում քաղաքական կուսակցությունը պարտավոր է հաշվի առնել մի սեռի 70%-ից ոչ ավելի ներկայացուցչությունը, ընդ որում քաղաքական կուսակցությունների առաջադրած կին և տղամարդ թեկնածուների հաջորդականության տարբերությունը չպետք է գերազանցի երեք տեղը: Ցուցակից կնոջ թեկնածությունը հանելու կամ պատգամավորական մանդատից կնոջ հրաժարվելու դեպքում նրա տեղը պետք է զբաղեցնի ցուցակում ընդգրկված հաջորդ կինը:»

Առաջարկությունը ստորագրել են կլոր սեղանի մասնակիցներ՝

1. «Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ՝ Ջեմմա Հասրաթյան
2. «Հայաստանի առողջապահության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների» նախագահ՝ Գայանե Արմաղանովա
3. «Կանանց անկախ ֆորում» ՀԿ-ի համադասող Արտեմիս Լեփեջյան
4. «Հայտուր» սոցիալ-տնտեսական մշակույթային ՀԿ-ի գործադիր տնօրեն՝ Նարինե Դավթյան
5. «Համայնք և երիտասարդություն» ՀԿ-ի նախագահ՝ Անահիտ Ղահրամանյան
6. «Պրոմեդիա-գենդեր» կազմակերպության նախագահ Թամարա Հովնաթանյան
7. «Սուրբ Սանդուխտ կույսի անվան տիկնանց միություն» ՀԿ-ի նախագահ՝ Արտեմիս Լեփեջյան
8. ՀԺԿ քաղաքական խորհրդի անդամ Ռուզան Խաչատրյան
9. «Քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սվետլանա Ասլանյան
10. «Կանանց համահայկական միություն» ՀԿ-ի փոխնախագահ՝ Նատալյա Մարտիրոսյան
11. «Ժուռնալիստներ առանց սահմանի» ՀԿ-ի ղեկավար՝ Արմինե Գրիգորյան
12. «Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիա□ ՀԿ-ի Կենտրոն համայնքի մասնաճյուղի փոխնախագահ՝ Լարիսա Սարգսյան
13. «Հզոր Հայրենիք» կուսակցության վարչության անդամ՝ Ասյա Կոսյան
14. «Միացյալ ազատական ազգային կուսակցություն» քաղաքական խորհրդի քարտուղար՝ Ստելլա Դավթյան
15. Օրինաց Երկիր կուսակցության «Կենտրոն» համայնքի կինխորհրդի համակարգող Կարինե Արիստակեսյան
16. «Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիա» ՀԿ-ի քարտուղար՝ Մարիաննա Աբովյան
17. Ազգային ժողովի «ՀՅԴ» խմբակցության փորձագետ՝ Անի Ավետիսյան
18. armenianow.com շաբաթաթերթի լրագրող՝ Գայանե Աբրահամյան
19. ԵՊՀ սոցիոլոգիայի ամբիոնի դասախոս՝ Սոնա Գևորգյան
20. ԵՊՀ սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դասախոս՝ Արուսիկ Սաֆարյան

Նման առաջարկներ եղան Գյումրիի, Վանաձորի, ՍտեփանավանիՏաշիրի կանաց կողմից: