ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒԻ «ԿԱՆԱՆՑ ՕՐԱԿԱՐԳԸ

«ՀՀ նախագահի թեկնածուի «կանանց օրակարգը» 
հանրապետական ակցիա

ՀՀ նախագահի 2008 թվականի փետրվարի 19-ի նախօրեին Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիան անցկացրեց «ՀՀ նախագահի թեկնածուի «կանանց օրակարգը» հանրապետական ակցիան:
Ակցիայի շրջանակներում Ասոցիացիայի Երևանի և 10 մարզերի 30 մասնաճյուղերում տեղի ունեցան կլոր սեղան-քննարկումներ` նպատակաուղղված այն հիմնահարցերի վերհանմանը, որոնց լուծումը հույժ կարևոր է երկրի զարգացման և առաջընթացի ապահովման համար:
Ամփոփելով առաջադրված հիմնախնդիրները և բարձրացված հարցերը` Ասոցիացիայի վարչությունը առավել կարևորները ներկայացրեց ՀՀ նախագահի թեկնածուներին` ակնկալելով նրանց պատասխանները, որոնք հնարավորություն կտան կողմնորոշվելու փետրվարի 19-ին կայանալիք ՀՀ նախագահի ընտրությունների ժամանակ:

Ստորև ներկայացնում ենք ՀՀ նախագահի թեկնածուներին ուղղված կանանց օրակարգը:

ՀՀ նախագահի թեկնածուի
«կանանց օրակարգը»

1. ՀՀ Սահմանադրության 49-րդ հոդվածի համաձայն` ՀՀ նախագահը Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավորն է: Այսօր ազգային անվտանգության կարևոր հիմնախնդիր է դարձել երկրի ժողովրդագրական իրավիճակը՝ ծնելիության անկումը, վաղաժամ մահացությունը և շարունակվող արտագաղթը:

1.1 Նախագահ ընտրվելու դեպքում ո՞րն է լինելու Ձեր քաղաքականությունը մասնավորապես ծնելիության խրախուսման հարցում:
Պատրա՞ստ եք արդյոք խնդիր դնել ՀՀ կառավարության առջև`

— սահմանել միանվագ պետական նպաստ` 150 հազար դրամի չափով, առաջին և երկրորդ ծնված երեխաների համար,
— երրորդ երեխայից սկսած` միանվագ նպաստն ավելացնել մինչև 600 հազար դրամ` անկախ այն հանգամանքից` ընտանիքը հաշվառվա՞ծ է «Նպաստ» համակարգում, թե ոչ,
— ինդեքսավորել սահմանամերձ գոտիների երեխաներին տրվող նպաստը:

1.2 Երիտասարդ ընտանիքներին բնակարաններով ապահովելու և ծնելիությունը խթանելու համար ինչպիսի՞ն է լինելու Ձեր ռազմավարական ծրագիրը:

1.3 Հայտնի է, որ հանրապետության նախադպրոցական հիմնարկները այսօր կարող են ընդգրկել ընդամենը նախադպրոցական տարիքի երեխաների 20%-ին: Ինչպիսի՞ն կլինի կարճ ժամկետում պետական նախադպրոցական հիմնարկների ցանցը զարգացնելու Ձեր ծրագիրը:

2. ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական և իրավական պետություն է: Ըստ ՀՀ Սահմանադրության 49-րդ հոդվածի` նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը:
Ի՞նչն է Ձեր` պետական կառավարման համակարգի ժողովրդավարացման քաղաքականության առանցքը: Ինչպիսի՞ն է կոռուպցիայի կրճատման և ստվերային վճարումների վերացման Ձեր ծրագիրը: Որքանով է այն ուղղված պետական կառավարման համակարգում, կրթության և առողջապահության ոլորտներում լայնորեն տարածված կոռուպցիոն երևույթների, ինչպես նաև ստվերային վճարումների կրճատմանը:

3. Հայաստանի տնտեսական աճի բարձր տեմպերը հիմնականում ապահովվում են շինարարության հաշվին: Արդյունաբերության այն ճյուղերը, որտեղ ավանդաբար կանայք են ընդգրկվում, մինչև օրս չեն գործարկվել: Հանդիսանալով իրավական պետության երաշխավորը` ի՞նչ քայլեր կձեռնարկեք, որպեսզի կանայք` որպես քաղաքացիներ, օգտվեն աշխատելու իրենց իրավունքից:Խնդրում ենք ներկայացնել Ձեր երկարաժամկետ և կարճաժամկետ ծրագրերը` ուղղված արտադրության այնպիսի ճյուղերի վերականգնմանը, ինչպիսիք են ճշգրիտ սարքաշինութունը և ռադիոէլեկտրոնիկան, թեթև արդյունաբերությունը՝ հատկապես Գյումրիում ավանդաբար զարգացած տեքստիլ արդյունաբերությունը: Ի՞նչ մոտեցում ունեք ազգային արհեստների զարգացման միջոցով գյուղական վայրերում սեզոնային գործազրկության կրճատման և քաղաքներում կանանց տնայնագործության մեջ ընդգրկելու խնդրի առնչությամբ, որը կնպաստի արտագաղթի կրճատմանը, ընտանիքների ամրապնդմանը, բարեկեցության աճին և ազգային մշակույթի տարածմանը:

4. 2008 թվականին լրանում է աղետալի երկրաշարժի 20 տարին: Ի՞նչ քաղաքականություն եք վարելու աղետի գոտու բնակչության քաղաքացիական իրավունքների, մասնավորապես աշխատանքի, սոցիալական, մշակութային, առողջապահական որակյալ ծառայություններից օգտվելու իրավունքների պաշտպանության համար: Պետության ի՞նչ քաղաքականություն է մշակվելու աղետի գոտու արդյունաբերական, մշակութային և սոցիալական ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ:
5. ՀՀ Ազգային ժողովը 2007 թ. վավերացրեց Կանանց քաղաքական իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան, որով Հայաստանի Հանրապետությունը մեկ անգամ ևս արտահայտում է կանանց քաղաքական իրավունքների իրականացումը և տղամարդկանց հետ հավասար քաղաքական պաշտոններում և ներկայացուցչական ժողովրդավարության մարմնում` Ազգային ժողովում նրանց ներկայությունը խթանելու պատրաստակամությունը:
Ի՞նչ քաղաքականություն եք վարելու` ուղղված քաղաքական և հայեցողական պաշտոններում կանանց ներկայության ավելացմանը: Ըստ ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 3-րդ ենթակետի` կառավարության անդամներին, վարչապետի առաջարկով, նշանակում է նախագահը: Եթե ներկայացված կազմում կանայք և տղամարդիկ հավասարակշռված ներկայացված չլինեն, պատրա՞ստ եք մերժել կառավարության առաջարկը և նոր կազմ պահանջել:
Հանդես կգա՞ք օրենսդրական նախաձեռնությամբ (կամ կպաշտպանե՞ք) ՀՀ Ընտրական օրենսգրքում կուսակցությունների համամասնական ընտրական ցուցակների ներկայիս գենդերային 15% քվոտայի փոխարեն 30% քվոտա ամրագրելու վերաբերյալ:

Համալսարանական կրթությամբ
կանանց ասոցիացիայի վարչություն
ՀՀ Նախագահի «Կանանց օրակարգը» ներկայացվել է`

Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ պարոն Արթուր Բաղդասարյանին

Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ պարոն Արտաշես Գեղամյանին

Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու, Ժողովրդական կուսակցության նախագահ պարոն Տիգրան Կարապետյանին

Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու, Ազգային համաձայնություն կուսակցության նախագահ պարոն Արամ Հարությունյանին

Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու, «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության բյուրոի անդամ պարոն Վահան Հովհաննիսյանին

Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու, «Ազգային-ժողովրդավարական միություն» կուսակցության նախագահ պարոն Վազգեն Մանուկյանին

Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու, պարոն Արման Մելիքյանին

Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու, Հանրապետական կուսակցության նախագահ պարոն Սերժ Սարգսյանին

Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու, պարոն Լեւոն Տեր-Պետրոսյանին

Ստորև ներկայացնում ենք ստացված պատասխանները:

ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի պատասխանները
«Կանանց օրակարգին»

1. Ժողովրդագրություն

1.1 Ժողովրդագրության (դեմոգրաֆիայի) վիճակագրական տվյալները ուղղակի սպառնալիքներ են ներկայացնում ՀՀ համար: Իմ ընտրվելու դեպքում միանգամայն իրագործելի եմ համարում հետևյալ քայլերի իրականացումը`
— բազմազավակության և ծնելիության նյութական պատշաճ խրախուսման համակարգի ստեղծում
— յուրաքանչյուր ծնվող երեխային պետական ֆինանսական աջակցության ցուցաբերում, առաջին երեխային` 200.000 դրամ, երկրորդին` 500.000 դրամ, չորրորդին ` 600.000, հինգերորդին` 700.000 դրամ, վեցերորդին 1.000.000 դրամ,
— բազմազավակ ընտանիքներին (6 և ավելիին) պետական աջակցություն բնակարանի և ավտոմեքենայի տրամադրման միջոցով:

1.2 Երիտասարդ, նորաստեղծ ընտանիքներին պետական երաշխավորությամբ ցածր տոկոսադրույքներով հիպոթեկային վարկերի տրամադրում` որդեգրելով զեղչերի մեխանիզմը, երրորդ երեխայի ծնվելու դեպքում` 20%, չորրորդ` 30%, հինգերորդ 50%, յոթերորդ երեխայի ծննդյան դեպքում վարկը կարող է մարվել:

1.3 Ազգային ժողովի պաշտոնավարման տարիներին մեր մեծագույն ջանքերով կասեցվեց նախադպրոցական հիմնարկների շենքերի համատարած մասնավորեցումը: Իմ ընտրվելու դեպքում կպահպանվի նախադպրոցական հիմնարկների շենքերի սեփականաշնորհման արգելքը, այս կրթական համակարգի վերականգնումը և մատչելիության ապահովումը յուրաքանչյուր ընտանիքի համար:

2. Ժողովրդավարացման քաղաքականություն
— կոռուպցիայի կրճատումն ու ստվերային տնտեսության վերացումն ուղղակի կապ ունեն հարկային և մաքսային քաղաքականության հետ:
Այս համակարգում անհրաժետ է իրականացնել հետևյալ արմատական բարեփոխումները.
— հարկերի իջեցում և տնտեսության առավել ազատականություն` հենվելով միջազգային փորձի վրա,
— հարկային վարչարարությունը ստուգող ու պատժող բնույթից պետք է անցում կատարի խորհրդատվական և գործընկերային բնույթի, հանդիսանա գործարարի աջակից և խորհրդատու,
— վերականգնել պարզեցված հարկի կիրառումը, հատկապես փոքր ու միջին ձեռնարկությունների համար,
— վերացնել քաղաքական տանիքների և հարկային վարչարարության կիրառումն անբարեխիղճ, հատկապես խոշոր և «տանիքներ ունեցող» հարկատուների նկատմամբ,
— կրթության և առողջապահության ոլորտներում կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու և վերացնելու համար անհրաժեշտ եմ համարում այդ ոլորտների աշխատողների աշխատավարձերի ամենամյա բարձրացում 2,5 — 3 անգամ:

3. Կանանց զբաղվածություն
Աշխատատեղերի ստեղծման ոլորտում խիստ հրատապ եմ համարում հետևյալը`
— աշխատատեղեր և արժանապատիվ վարձատրություն, համազգային ռազմավարական հնգամյա ծրագրի մշակում և իրականացում,
— արտահանման խթանում, ներմուծման կրճատում, քանի որ Հայաստանի նման պետության համար այն նշանակում է աղքատության ներմուծում,
— նոր աշխատատեղեր ստեղծող ձեռնարկություններին` ազգային արհեստներին վերաբերող, տնայնագործական արտադրության, թեթև արդյունաբերության ճյուղերի վերականգման և այլն, համապատասխան հարկային արտոնություններ տրամադրել 1-2 տարի ժամկետով:
Արժանապատիվ աշխատանքով ապահովված ընտանիքի անդամներից և ոչ մեկը արտագաղթի ճաանպարհը չի ընտրի և կնվազի կիսատ-պռատ ընտանիքների թիվը:

4. Աղետի գոտի
Որպես կոնկրետ միջոցառումներ անհրաժեշտ են.
— տնակների խնդրի վերջնական լուծում առաջիկա տարիների ընթացքում,
— Գյումրի, Վանաձոր և Սպիտակ քաղաքներում արդյունաբերական հիմնարկների վերականգնման կոնկրետ ռազմավարական նախագծերի մշակում և իրականացում, արտոնյալ հարկերի սահմանում, կոմունալ վճարումների զեղչերի կիրառում:

5. Քաղաքական և հայեցողական պաշտոններում կանանց ներկայացվածությունը
Քվոտաների վերաբերյալ ՀՀ-ում առաջինը բարձրաձայնել է ՕԵԿ-ը, և մեծագույն ջանքերով ԱԺ-ում ընդունվել է 15% քվոտա: Այս առումով ևս գտնում եմ, որ պետք է միջոցառումներ ձեռնարկել կին կադրեր պատրաստելու ուղղությամբ, ստեղծել ինստիտուտներ քաղաքական դաշտում լիդեր կանանց ներգրավելու և պատրաստելու նպատակով: Ես քայլեր եմ կատարելու կանանց ներկայացվածությունը ավելացնելու և մինչև 30% հասցնելու ուղղությամբ:
Ի դեպ, ես միակ նախագահի թեկնածուն եմ, որի նախընտրական շտաբի պետը կին է` Հեղինե Բիշարյանը:

Ես դեմ չեմ իմ նկատառումներն ու մոտեցումները տպագրել «Համալսարանական կրթությամբ կանայք» ասոցիացիայի լրատուի մեջ:

ՀՀ նախագահի թեկնածու` Արթուր Բաղդասարյան

Պատասխանատու` Մհեր Շահգելդյան

ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի
պատասխանը «Կանանց օրակարգին»

1. Ժողովրդագրության խնդիրը

Ժողովրդագրության հիմնախնդիրը բնականաբար իմ մտահոգությունների թվում է, ուստի այդ հարցը տեղ է գտել նախընտրական ծրագում, որում մասնավորապես ասվում է. «Նպատակը զանգվածային արտագաղթի և ծնելիության կտրուկ անկման պատճառով ստեղծված իրավիճակի արմատական շտկումն է, զանգվածային ներգաղթի և երիտասարդ ընտանիքների ամրապնդմանն ուղղված պետական համալիր ռազմավարության հռչակումն ու գործադրումը»: Իմ համոզմամբ այդ ռազմավարության մշակման գործում օգտակար կարող է լինել Ռուսաստանի օրինակը: Կարելի է տեղայնացնել ՌԴ-ում գործող օրենքը:

1.1 Այո, անհրաժեշտ է շարունակաբար բարձրացնել յուրաքանչյուր երեխայի ծննդի դիմաց տրվող պետական միջոցները` հաշվի առնելով մեր բյուջեի հնարավորությունները: Հատկացվելիք գումարները պետք է պարբերաբար վերանայվեն:
1.2 Սակայն միայն դրամական միջոցները, եթե անգամ բավական բարձր չափ սահմանվի, բավարար չեն: Դրանք ընդամենը թեթևացնում են երեխայի ծնվելու հետ կապված ծախսերը: Ծնելիությունն իրոք կխթանվի այն դեպքում, եթե ծնողը վստահ լինի, որ ի վիճակի է լուծելու երեխայի կրթության ու բնակարանային հարցերը: Հետևաբար երիտասարդ աճող ընտանիքների աջակցության հատուկ մեխանիզմներ պետք է մշակվեն (արտոնությունների, վարկերի և այլն):
1.3 Ինչ վերաբերում է նախադպրոցական հիմնարկներին, ապա կառավարությունը տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ ծրագիր պետք է մշակի այդ խնդիրը լուծելու համար. պետությունը պետք է համապատասխան գումարներ հատկացնի: Այդ ծրագրով պետք է ոչ միայն ընդլայնվի նախադպրոցական հաստատությունների ցանցը, այլև, օգտվելով նախադպրոցական կրթության մեր ազգային ավանդույթներից և համաշխարհային մանկավարժության նվաճումներից, հիմնովին բարենորոգվի դրանց կրթական որակը: Բացի դրանից, պետք է ապահովվի դրանց մատչելիությունը թե’ աշխատող, թե’ չաշխատող ծնողների համար:

2. Պետական կառավարում և պայքար կոռուպցիայի դեմ

Պետական կառավարման համակարգի այն մոդելը, որն արմատավորվել է մեր երկրում, մեզ տանում է մի ճանապարհով, որն ավելի ու ավելի է հեռացնում ժողովրդավարությունից: Իշխանական համակարգի կոշտ բրգաձևությունը, տնտեսական դաշտի արատավոր կառուցվածքը, առողջ քաղաքական-տնտեսական մրցակցային գործոնի բացակայությունը, հասարակության տարբեր շերտերի և, ընդհանուր առմամբ, ողջ ժողովրդի օտարումը որոշումներ ընդունելու և անհրաժեշտ հակազդեցության մակարդակներից հանգեցրել են այն բանին, որ իշխող ռեժիմի` հիմնականում անձնական շահի վրա խարսխված ձգտումները խոր հակասության մեջ են երկրի հեռանկարային ու արդյունավետ զարգացման հետ:
Հայաստանի 3-րդ հանրապետության գոյության 17 տարիների ընթացքում ձևավորված հարաբերությունները մեզ տանում են թերզարգացած ավտորիտար երկրների ուղղությամբ: Հաստատված պետական և հասարակական համակարգը դարձել է մեր երկրի զարգացման, նրա առջև ծառացած խնդիրներն արդյունավետ լուծելու հնարավորության գլխավոր խոչընդոտը: Արմատացած համակարգի ծնած և կուտակած պրոբլեմները` գումարած արտաքին մտահոգիչ ազդակների առկայությունը, բոլորիս կանգնեցրել են անհետաձգելի և խորը փոփոխություններ իրականացնելու ճակատագրական անհրաժեշտության առջև: Հետևաբար երկիրը հեռանկարային ուղի դուրս բերելու և նոր մոդելի անցնելու համար անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ:

Նախ` հնարավոր չէ հասնել որևէ դրական արդյունքի, եթե մարդիկ ազատ, պաշտպանված չեն: Ազատ մարդն առանց մտավախության ձգտում է մասնակից դառնալ ազգային, պետական և հասարակական կյանքին, զգալ իրեն ազգային և պետական ընդհանրության գործուն անդամ` հպարտություն ապրելով այդ իրողությամբ և վստահությամբ նայելով իր ապագային: Այդպիսի մարդկանցով է հնարավոր հասնել այն նպատակներին, որոնց իրագործումը լինելու է մեր գլխավոր խնդիրը:

Ակնհայտ է, որ իշխանության բոլոր ճյուղերում առկա խնդիրները մեկ հարվածով լուծելն անհնար է: Սակայն լեգիտիմության մեծ պաշարի պայմաններում հնարավոր է իրագործել բարեփոխումների լայն ծրագիր: Սկզբնական փուլում անհրաժեշտ կլինի, օգտագործելով ներկա օրենսդրության բոլոր հնարավորությունները, կարգավորել տնտեսական հարաբերությունները, օրինականության ապահովման գործուն մեխանիզմներ կիրառել և նախապատրաստել (2-3 տարվա ընթացքում) հանրային կյանքի հիմնական ոլորտներին առնչվող բարեփոխումների փաթեթը: Այդ փաթեթի հիմքում պետք է ընկած լինի նոր Սահմանադրությունը, որը կներառի իշխանության ճյուղերի և տեղական ինքնակառավարման մարմինների ժողովրդավարացման, ինչպես նաև իշխանության ապակենտրոնացման մոդելը: Մասնավորապես նախատեսվում է.
1.Հանրապետության բոլոր մարզերը և Երևան քաղաքը պետք է ունենան քաղաքացիների կողմից ուղղակիորեն ընտրված օրենսդիր և գործադիր մարմիններ (խորհուրդ, մարզպետ, քաղաքապետ) և տեղական բյուջեներ: Քննարկել ՀՀ վարչատարածքային նոր բաժանման հարցը:
2.ժողովուրդը, որոշակի քանակի ստորագրություններ հավաքելու դեպքում, պետք է ստանա հասարակական կարևորություն ներկայացնող հարցերի հետ կապված հանրաքվեի անցկացման իրավունք: Ժողովրդական նախաձեռնությամբ հանրաքվե անցկացնելու հարցերի շրջանակը, կարգը և այլ մանրամասները կհստակեցվեն նոր սահմանադրությունից բխող «Հանրաքվեի մասին» ընդունվելիք օրենքում: Այդ օրենքում պետք է նախատեսել նաև իշխանություններին անվստահություն հայտնելու իրավունքը:

3.Դատական իրապես անկախ համակարգի ապահովում: Բնականաբար, անհրաժեշտություն կա վերանայելու դատական համակարգին վերաբերող օրենսդրությունը` նպատակ ունենալով պայքարել համակարգի ներսում առկա կոռուպցիայի դեմ:

Կոռուպցիայի և պաշտոնյաների չարաշահումների դեմ պայքարի շրջանակներում պետք է կիրառել հետխորհրդային Էստոնիայի փորձը, երբ պետական մարմինների հետ շփումն իրականացվում է վիրտուալ` էլեկտրոնային հաղորդակցության միջոցով (բիզնեսի գրանցում, հարկային հաշվետվությունների ներկայացում, լիցենզիայի ձեռքբերում և այլն):

Սոցիալական ոլորտը փոխադարձ կապի մեջ է տնտեսական ոլորտի հետ, ուստի պահանջում է համալիր լուծումներ: Ամեն կարգի բարեփոխումները պետք է նպաստեն տնտեսության մեջ արհեստական մենաշնորհների վերացմանը: Բոլորի համար պետք է ստեղծվեն հավասար հնարավորություններ: Հարկային քաղաքականությունը պետք է հավասարապես ընդունելի լինի փոքր, միջին և խոշոր բիզնեսի համար և պետք է զարգանալու հնարավորություն տա: Սեփականության ինստիտուտը պետք է պաշտպանված լինի:

Այս ամենը, մեր համոզմամբ, հնարավոր է միայն արմատական քաղաքական բարեփոխումների արդյունքում: Սա վերաբերում է նաև կրթության և առողջապահության ոլորտներում արմատացած կոռուպցիայի ու ստվերային վճարումների վերացմանը: Կաշառակերության ու ստվերային վճարումների թելերը տանում են կառավարման բուրգի ամենավերին հարկերը: Որքան էլ բարձրացնես մարդկանց աշխատավարձը, կաշառակերությունը չի կանխվի, եթե չվերանան վերադասներին տրվող ստվերային հարկերը: Հետևաբար կոռուպցիայի և ստվերային վճարումների դեմ իրական և արդյունավետ պայքար կմղվի այն դեպքում, եթե կառավարման համակարգի ամենաբարձր պաշտոններում ազնիվ մարդիկ լինեն, և գործի օրենքը, այսինքն` օրինազանցը պատժվի:

3. Կանանց զբաղվածության խնդիրը

Ճիշտ չէ մտածել հատուկ կանանց համար աշխատատեղեր ստեղծելու մասին: Պետք է մտածել բազմակողմանի տնտեսության զարգացման մասին: Բազմակողմանի տնտեսության զարգացման և իրավահավասարության ապահովման դեպքում կլուծվի թե’ կանանց, թե’ տղամարդկանց զբաղվածության խնդիրը: Իսկ բազմակողմանի տնտեսության զարգացումն, անշուշտ, անպայման ենթադրում է Ձեր նշած ճյուղերի զարգացումը:

4. Աղետի գոտին

Պետք է վերանայվեն աղետի գոտու վերաբերյալ մինչ այս մշակված ծրագրերը, ըստ այդմ նաև հատկացվող միջոցները: Ամենակարևորը` պետք է արդյունավետ հսկվի հատկացվող միջոցների նպատակային օգտագործումը և մշակվող մեխանիզմների կիրառումը: Խնդրին ճիշտ լուծում տալու համար անհրաժեշտ է քաղաքական գնահատական տալ ներկայիս իրավիճակին, հետևաբար լուրջ հետաքննություն կատարել և պատասխան տալ, թե ինչու և ինչպես փոշիացան ժամանակին տրամադրված հսկայական միջոցները, և ինչու հարկավոր հետևողականություն չցուցաբերվեց մշակված նախագծերն իրականացնելու համար:

5. Քաղաքական և հայեցողական պաշտոններում կանանց ներկայությունը

Ես կառավարության ներկայացվող կազմը կմերժեմ ոչ թե գենդերային անհավասարակշռության, այլ իրոք արժանի թեկնածություններ չլինելու դեպքում: Կարծում եմ` կան ոլորտներ, որտեղ ավելի մեծ հաջողությամբ կարող են աշխատել կին մասնագետներն ու գործիչները, և մեր հասարակության մեջ բավական մեծ թիվ են կազմում այդպիսի ունակ ու գիտակ կանայք: Հետևաբար կառավարության կազմում կուզենամ մեծ թվով կանանց տեսնել ոչ թե հատուկ գենդերային հավասարակշռություն ապահովելու համար, այլ ելնելով պետական շահերից:
Անպայման կպաշտպանեմ գենդերային 30% քվոտա ամրագրելու վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը, թեև ինքս դեմ եմ արհեստական միջոցներին: Ցանկալի ու գերադասելի է, որ այդ 30%-ը ձեռք բերվի բնական ճանապարհով: Կարծում եմ, որ իմ նախատեսած համակարգային փոփոխությունները, որոնք շարադրված են նախընտրական ծրագրում, կնպաստեն նաև այդ խնդրի լուծմանը:

ՀՀ նախագահի թեկնածու` Վազգեն Մանուկյան

Պատասխանատու` Լյուդվիգ Խաչատրյան

ՀՀ նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանի
պատասխանը «Կանանց օրակարգին»

Պատվարժան տիկին Հասրաթյան,
Թույլ տվեք հայտնել իմ գոհունակությունն ու շնորհակալությունը Ձեր կազմակերպության կողմից ՀՀ նախագահի 2008թ. ընտրություններում առաջադրված թեկնածունների նախընտրական ծրագրերի վերաբերյալ ցուցաբերած հետաքրքրության և ներկայացված հարցերի համար:
Կարևորելով առաջադրված հարցերը, կփորձեմ դրանց պատասխանները ներկայացնել հնարավորինս համակարգային:
Գտնում եմ, որ բարձրացված հիմնախնդիրները անհրաժեշտ է դիտարկել երկրի զարգացման այն տեսլականի ներքո, որն առաջարկվում է իմ նախընտրական ծրագրով: Իմ նախընտրական ծրագրի բաղկացուցիչ մաս են նաև ՀՀ ԱԺ 2007թ. ընտրությունների ժամանակ ՀՅԴ կողմից հրապարակված ծրագրային դրույթները, որոնց մի մասը թեև արտացոլված է գործող կառավարության գործունեության ծրագրում, սակայն հիմնախնդիրների լուծման մեր կողմից առաջարկվող ամբողջական մոտեցումների գործադրման դեպքում`
1. հասարակության յուրաքանչյուր անդամ ապրելու է արժանապատիվ` համերաշխ և ստեղծագործ մթնոլորտում,
2. մեր երկիրը դառնալու է տարածաշրջանի գիտական, կրթական, մշակութային, ֆինանսական կենտրոն,
3. շեշտակի բարձրանալու է Հայաստանի Հանրապետության միջազգային մրցունակությունը,
4. մենք ունենալու ենք հեղինակավոր և հարգված պետություն, Հայաստանը դառնալու է ազդեցիկ գործոն տարածաշրջանում և աշխարհում:
Նշված բնութագրամբ երկիր ունենալը լրիվ իրատեսական է և, Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվելու դեպքում երաշխավորում եմ`
1. հասարակությունում բարոյահոգեբանական առողջ մթնոլորտ, սոցիալական արդարություն և համերաշխություն,
2. հասարակական լիարժեք կարգ ու կանոնի հաստատում, անպատժելիության վերացում,
3. կադրերի ճիշտ և անաչառ ընտրություն, իրական պայքար կոռուպցիայի դեմ,
4. Արդար և անկաշառ դատական համակարգ,
5. քաղաքական համակարգի ապաքրեականացում և ապաառևտրայնացում, քաղաքական և բիզնես վերնախավերի տարանջատում,
6. քաղաքական փոխհարաբերությունների նոր մշակույթ, իշխանություն-ընդդիմություն միասնական քաղաքական համակարգի ձևավորում,
7. պետության դերի վերաիմաստավորում՝ պասիվ բարեփոխիչից վերածելով երկրի կայուն զարգացման մասնակցի և պատասխանատուի,
8. կայուն, բարձր և որակյալ տնտեսական աճ` սպառող հասարակությունից անցում արարող և արտադրող հասարակության,
9. արտահանման ուղղվածությամբ արդյունաբերական քաղաքականության իրագործում,
10. մրցակցային կարգի հաստատում, տնտեսական մենաշնորհների կազմացրում,
11. գործարար և ներդրումային միջավայրի բարելավում` բացառելով բարձրաստիճան պետական պաշտոնյաների ուղղակի կամ անուղղակի ցանկացած միջամտություն,
12. սեփականության իրավունքի և մտավոր սեփականության, սպառողների, ներդրողների, փոքր բաժնետերերի օրինական շահերի լիարժեք պաշտպանություն,
13. չհիմնավորված մասնավորեցման և կոնցեսիոն գործարքների պայմանների վերանայում,
14. ռազմավարական, այդ թվում` առաջին անհրաժեշտության ապրանքների (վառելիք, հացահատիկ, շաքար, դեղորայք և այլն) արտադրության, ներմուծման, ինչպես նաև ծառայությունների ոլորտում պետության մասնակցության պայմանների ու կարգի սահմանում,
15. աշխատավարձերի, կենսաթոշակների, պետական նպաստների, բնակչության այլ եկամուտների շեշտակի աճ, աղքատության վերացում,
16. զբաղվածության մակարդակի բարձրացում, ՀՆԱ-ում սոցիալական, կրթական, գիտական, մշակութային ոլորտներին ուղղվող միջոցների տեսակարար կշռի ավելացում՝ դրանք հասցնելով Եվրամիության երկրների միջին ցուցանիշներին,
17. տարածքային համաչափ և բազմակենտրոն զարգացում, ժողովրդագրական իրավիճակի բարելավում` բնական հավելաճի խրախուսմամբ և ներգաղթի կազմակերպմամբ:
Այս համատեքստում, անդրադառնալով Ձեր կողմից ներկայացված հարցադրումներից առաջինին հարկ եմ համարում նշել. ժողովրդագրական փոփոխությունների բնույթը ցույց է տալիս, որ հայ հասարակությունը իր կողմից գերապատվելի 2-3 երեխայով ընտանիքի մոդելից անցում է կատարել անգամ պարզ վերարտադրության համար ոչ բավարար 1-2 երեխայով ընտանիքի մոդելին: Եթե առաջին և երկրորդ կարգի ծնունդները նվազել են, համապատասխանաբար` ավելի քան 34 և 47 տոկոսներով, ապա երրորդ և բարձր կարգի ծնունդներն արդեն` 3 և ավելի անգամ:
Ժողովրդագրական բացասական միտումները առաջացրել են բնական աճը բնական նվազման վերածվելու միանգամայն առարկայական վտանգ, որին համարժեք արձագանքելը կենսական անհրաժեշտություն է: Այս խնդիրների ռազմավարական լուծումները որպես գերակայություն չընդունելը, համապարփակ միջոցառումների իրականացման դանդաղեցումը հղի է վերածվելու ազգային անվտանգության անլուծելի հիմնախնդրի` սահմանափակելով կայուն մարդկային զարգացման, ազգապահպանության, իրապես սոցիալական, իրավական և ժողովրդավարական երկիր կառուցելու հնարավորությունները:
Իրապես գնահատելով մեր երկրի հնարավորությունները, արձանագրում եմ, որ ժողովրդագրական իրադրության բարելավման ինքնակարգավորման հնարավորություններն իրատեսական չեն: Դրան հասնելու միակ ուղին ակտիվ, նպատակային ու հետևողական պետական միջամտությունն է:
Առաջարկում եմ գործադրել ժողովրդագրական ակտիվ քաղաքականություն` ծնելիության մակարդակի աճի, մահացության մակարդակի նվազեցման (այդ թվում` կյանքի տևողության ավելացման), արտագաղթի կասեցման և ներգաղթի խրախուսման ուղղությամբ:
Ժողովրդագրական քաղաքականության ապահովման կարևորագույն միջոցառումները ներառում են առողջապահական, կրթական, երիտասարդական, տնտեսական, ֆինանսական, սոցիալական պաշտպանության, բնակչության զբաղվածության և եկամտաստեղծ գործունեության, բնապահպանական, քաղաքաշիանական, հոգևոր-մշակութային և այլ ոլրտները:
Առողջապահական բնույթի համալիր միջոցառումները մասնավորապես ուղղվելու են հղիության, առաջնային և երկրորդային չբերությունների, ծննդաբերության և մինչև մեկ տարեկան երեխաների բժշկական անվճար ծառայությունների ողջ համակարգի լիակատար և իրական ապահովման (ներառյալ մատչելիության) մեխանիզմների (հղիության և ծննդի սերտիֆիկատներ և այլն) ներդրմանը: Կարևորում եմ դեռահասների (երիտասարդների) վերարտադրողական առողջության բարելավման ռազմավարության մշակումն ու իրագործումը: Անհրաժեշտ եմ գտնում իրագործել մահացության առավել նշանակալի պատճառ հանդիսացող հիվանդությունների` նորագոյացությունների, սրտանոթային համակարգի հիվանդությունների, շաքարային դիաբետի, ճարպակալումի, դժբախտ պատահարների, մինչև հինգ տարեկան երեխաների մահացության դեմ պայքարի հատուկ ծրագրեր:
Անհրաժեշտ և հնարավոր եմ համարում իրագործել ծննդաբերության խթանմանն ուղղված` ծննդի հաջորդականությունից կախված հստակ, տարբերակված և արդյունավետ միջոցառումներ ու մեխանիզմներ. մասնավորապես, ընտանիքում առաջին և երկրորդ երեխաների ծննդյան դեպքում հատկացնել 250,000 և 300,000-ական դրամ, իսկ երրորդ երեխայի դեպքում` 2,000,000 դրամ, չորրորդ երեխայի դեպքում` 2,500,000 դրամ: Հինգ և ավելի երեխաներ ունեցող ընտանիքներին կտրամադրվի բնակարան: Բացի այդ, առաջարկում եմ մասնակի վճարովի արձակուրդի ներկայումս գործող նպաստի չափը բարձրացնել` այն հասցնելով նվազագույն աշխատավարձին և տրամադրել նաև չաշխատող մայրերին:
Ձևավորվելու է հանրապետություն ներկրվող և բնակչությանը վաճառվող սննդամթերքի և դեղորայքի որակի վերահսկողության մշտապես և արդյունավետ գործող համակարգ:
Իրագործելու եմ երիտասարդ ընտանիքների ձևավորման գործընթացների վրա նպատակային ներազդման, բնակչության ամուսնական կառուցվածքի բարելավմանը, ամուսնաընտանեկան արժեքների համակարգի պահպանմանն ու զարգացմանը, սեռերի իրավահավասարության (հավասար հնարավորություններ համարժեք իրավունքներով) ապահովմանը նպատակամղված միջոցառումներ:
Ծրագրում եմ ձևավորել անապահով կամ եկամտային ռիսկի սահմանագծին գտնվող երիտասարդ նորապսակներին բնակարաններ ձեռք բերելու համար արտոնյալ պայմաններով վարկեր տրամադրելու համակարգ (այդ թվում` երեխաների ծնունդներին զուգահեռ մասնակի զեղչերի մեխանիզմ ներառող):
Բազմազավակությունը խրախուսելու, բազմազավակ, ինչպես նաև սոցիալապես խոցելի և անապահով ընտանիքների կենսական կարիքների (բնակարանային, սոցիալ-կենցաղային, առողջապահական, կրթական և այլն) լուծման համար սահմանվելու են սոցիալական հավելյալ երաշխիքներ` սոցիալական օժանդակության և արտոնությունների տրամադրման համակարգերով:
Կրթական ոլորտում իրականացվող միջոցառումներն հատկապես նպատակաուղղվելու են` ընդլայնել և հզորացնել (նյութական ու մարդկային կարողություններով) նախադպրոցական հաստատություններն ու բարձրացնել դրանց դերը, նպաստել դպրոցահասակ երեխաների ու պատանիների լիարժեք մասնակցությունը ուսուցման գործընթացին, ցուցաբերել հետևողականություն` որակյալ և մրցունակ կրթություն ապահովող համակարգերի ձևավորմանը և այլն:
Հոգևոր, մշակութային և քարոզչության ոլորտում իրականացվող միջոցառումներն ուղղվելու են հատկապես բարոյահոգեբանական նախընտրելի միջավայրի ձևավորմանը, հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու և ընտանիքի դերի բարձրացմանը, սերունդների համերաշխության, պետականության գաղափարաբանության ամրապնդմանը: Պահանջելու եմ կազմակերպել և անցկացնել ազգային արժեքային համակարգի քարոզչություն, ռադիոյով և հեռուստատեսությամբ հայկական բազմանդամ ընտանիքների, բազմազավակ մայրերի մեծարման և հանրապետություն վերադարձած ընտանիքներին նվիրված հաղորդումներ:
Արժանապատիվ ծերոության հիմնախնդիրը լուծելու տեսանկյունից ի լրումն այլ միջոցառումների իմ մտադրությունն է ընդլայնել և որակապես վերակառուցել կենսաթոշակային տարիքի բնակչության առողջապահական սպասարկման, սոցիալ-կենցաղային ծառայությունների արտոնյալ պայմաններով մատուցման մեխանիզմները, կենսաթոշակային համակարգը, աշխատանքային օրենսդրությունը (մասնավորապես փոփոխելով կենսաթոշակային տարիքի անձանց աշխատանքից ազատելու գործատուի միակողմանի ցանկության իրավական նորմը): Ծերերը մեր հասարակության առավել իմաստացած, կյանքի փորձ ձեռք բերած անդամներն են, և անհրաժեշտ է, որ նրանք կարողանան լիարժեք մասնակցել հասարակական ակտիվ կյանքին, իրացնել իրենց դեռևս չսպառված պոտենցիալը, նպաստելով նաև երկրի հանդեպ վստահության ամրապնդմանը: Իրագործվելու է տարեցների հիմնախնդիրների լուծման ազգային ծրագիր:
Ժողովրդագրական ակտիվ քաղաքականություն ծավալելու ուղղությամբ իրականացվող աշխատանքներում մեծ դերակատարություն եմ վերապահում սփյուռքի հասարակական, քաղաքական շրջանակներին (անհրաժեշտության դեպքում կստեղծվի ժողովրդագրական երիտասարդացման ազգային հիմնադրամ):
Կարևորագույն պետական որոշումների (օրենքներ, կառավարության որոշումներ և այլ իրավական ակտեր) ժողովրդագրական փորձաքննության ինստիտուտի ստեղծումը դիտում եմ որպես ժողովրդագրական գործընթացներին պետության կողմից համարժեք արձագանքում ապահովող կարևոր օղակ, որի հիմնական նպատակն է լինելու մշակել ժողովրդագրական քաղաքականությունը, ինչպես նաև արգելափակոցներ դնել ժողովրդագրական իրավիճակը վատացնող իրավական ակտերի ընդունման ճանապարհին:
Քաղաքականությունը համակարգված և նպատակային դարձնելու համար կարևոր եմ համարում ժողովրդագրական քաղաքականության իրականացման, ժողովրդագրական իրադրության փոփոխման ընթացքի մոնիտորինգի ու վերահսկման մշտապես գործող համակարգի ստեղծումն ու գործարկումը:
Կարևորելով ընտանիքի պետական քաղաքականության հայեցակարգի մշակումն ու իրագործումը` ես այն դիտում եմ որպես ընդհանուր ժողովրդագրական պետական քաղաքականության բաղադրիչ մաս և ժողովրդագրական առկա իրավիճակի հետ կապված հիմնախնդիրների լուծումները տեսնում եմ հայ ընտանիքի ամրացման հարթության վրա:
Ռազմավարական տեսանկյունից, նաև քաղաքական ու տարածաշրջանային գործոնների հաշվառմամբ, առաջնային պետք է համարվի ընտանիքի ընդլայնված վերարտադրության ապահովումը: Մարտավարական տեսանկյունից առաջիկա տարիների համար արդեն գերակա պետք է դիտվի պարզ վերարտադրության ապահովումը և անցումը ընդլայնված վերարտադրության:
Վստահ եմ, որ առաջարկվող ժողովրդագրական քաղաքականության ամբողջական իրականացման արդյունքում Հայաստանի Հանրապետության բնակչությունը 2012-2013թ.թ. կհատի 4 միլիոնի սահմանագիծը:

Անդրադառնամ երկրորդ հարցադրմանը.

Պետականության հզորացման, ազգային նպատակների իրականացման առումով մեր երկրում ժողովրդավարության կայացումը և քաղաքացիական հասարակության ձևավորումը այլընտրանք չունեն։ Իրական ժողովրդավարության հաստատման համար անհրաժեշտ է ոչ միայն հռչակել մարդու իրավունքներն ու ազատությունները, այլև` ձևավորել դրանք ապահովող համապատասխան քաղաքական, տնտեսական և սոցիալական մեխանիզմներ: Ժողովրդավարական արժեքների արմատավորման և քաղաքացիական հասարակության կայացման գործում առաջնահերթ նշանակություն ունի պետական կառավարմանը հասարակության լայն շրջանակների մասնակցությունը։
Պետականաշինության ներկա փուլում առաջնահերթ է սահմանադրական փոփոխություններով ամրագրված նոր նորմերի կենսագործումը, իրավական համակարգի կատարելագործումը, հասարակության համախմբումը և ներքաղաքական կայունությունը։
Կառավարման արդյունավետ համակարգի ձևավորման և ժողովրդավարացման համար առաջնահերթ եմ համարում.
1. ապահովել օրենսդիր, գործադիր, դատական իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքի լիարժեք կենսագործումը,
2. բացառել պետական կառավարման մարմինների կողմից գործառույթների կրկնությունն ու առանձին գործառույթների անտեսումը, սահմանել պետական կառավարման մարմինների կազմի, կառուցվածքի և հաստիքների օպտիմալ թվաքանակ,
3. ստեղծել հանրային ծառայության միասնական համակարգ,
4. ներդնել գործուն և իրատեսական մեխանիզմներ հանրային ծառայության որակի, ծառայողների մրցունակության և պաշտպանվածության բարձրացման, կոռուպցիոն ռիսկերի նվազեցման և հանրային արժանապատիվ ծառայություն ապահովելու նպատակով,
5. տարածքային քաղաքականության ոլորտում ապահովել պետության արդյունավետ վարչարարությունը և մարզերի ներդաշնակ զարգացումը, ընդլայնել մարզի խորհրդի լիազորությունների շրջանակը,
6. հստակեցնել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների փոխհարաբերությունները,
7. ընդլայնել համայնքի բյուջեի ձևավորման աղբյուրները, ստեղծել օրենսդրական մեխանիզմներ և ֆինանսական խթաններ՝ միջհամայնքային միավորումների կազմավորումը խրախուսելու համար,
Կոռուպցիայի դեմ համակարգային պայքարի կազմակերպումը դիտում եմ որպես Հայաստանի Հանրապետությունում իրական ժողովրդավարության, երկրի կայուն զարգացման, քաղաքացիական հասարակության կայացման, սոցիալական արդարության և համերաշխության, օրենքի գերակայության հաստատման հիմնական գրավականներից մեկը։ Հակակոռուպցիոն քաղաքականության հաջողության երաշխիքը իշխանությունների քաղաքական հստակ կամքի դրսևորումն է, համակարգային պայքարը` ի տարբերություն միայն առանձին ոլորտներում այս արատավոր երևույթի նկատմամբ անհանդուրժողականության դրսևորման և հասարակության ներգրավումը այս գործընթացում:
Գործադրելու եմ հակակոռուպցիոն քաղաքականության հետևյալ առաջնահերթ միջոցառումները.
1. ամբողջական լիազորություններով օժտված և հասարակության վստահությունը վայելող պետական անկախ գործակալության ստեղծումը,
2. պետական պաշտոնյաների, նրանց ընտանիքների արժանավայել կենսամակարդակն ապահովող աշխատավարձի սահմանումը,
3. քաղաքացիների եկամուտների հայտարարագրման մեխանիզների կատարելագործումը,
4. օրենքների ընդունման, որոշումների կայացման գործընթացում հասարակության ներգրավման գործուն մեխանիզմների ստեղծումը,
5. պետական մարմինների գործունեության առավելագույն թափանցիկության և հրապարակայնության ապահովումը։

Ձեր կողմից բարձրացված երրորդ հարցադրման կապակցությամբ անհրաժեշտ եմ համարում ընդգծել, որ նպատակը պետք է լինի ոչ միայն տնտեսական աճի բարձր տեմպի` մակրոտնտեսական ցուցանիշների տեսքով արտահայտմամբ ապահովումը, այլև դրանց որակական կողմը, որն արտահայտվում է ինչպես բնակչության կենսամակարդակի բարձրացման` իր բոլոր կոմպոնենտներով, այնպես էլ երկրի զարգացման աստիճանի վրա:
Կարևոր է հետևյալ հարցադրման պատասխանը. արդյունաբերական քաղաքականությու՞ն, թե տնտեսական աճի ապահովման քաղաքականություն: Նման երկընտրանքի առջև կանգնել են շատ պետություններ: Ի՞նչ անել: Ապահովել արագ տնտեսական աճ և բյուջեի համալրում, թե՞ հիմքեր ձևավորել հաստատուն կայուն արդյունաբերական զարգացման համար: Երբ այս երկընտրանքը դրված էր եվրոպական հասարակության առջև, նրանք շարժվեցին արդյունաբերական քաղաքականության ճանապարհով: Եվրոպական պետությունները առաջ շարժվեցին դանդաղ, սակայն հաստատուն տեմպերով: Նման ճանապարհ որդեգրեցին նաև արևելյան Ասիայի երկրները (օրինակ` Հարավային Կորեան):
Հայաստանը գնաց առաջին ճանապարհով: Գուցե որպես ժամանակի թելադրանք, գտնվելով ետպատերազմյան ծանր պայմաններում, այս որոշումը արդարացված էր և օրինաչափ: Ժառանգություն ստանալով ամբողջությամբ կազմալուծված տնտեսություն, կառավարությունը 1990-ականների երկրորդ կեսերին նախ և առաջ գնաց բոլոր ենթակառուցվածքների վերակագնման ուղղությամբ: Արձանագրելով լրիվ օրինաչափ և սպասելի տնտեսական աճի բարձր տեմպեր (որքան ցածր են բազային ցուցանիշնեը, այդքան բարձր են լինում հետագա աճի տեմպերը) մենք կանգնեցինք հերթական մի առասպելի առջև: Ձևավորվեց պատրանք, որ տնտեսական աճը կարող է լինել բոլոր հիմնախնդիրների լուծման միջոցը: Սակայն հասարակությունը, տեսնելով ներկայացվող ցուցանիշների և իր կենսամակարդակի միջև տարբերությունը, կասկածի տակ դրեց տնտեսական աճի վերաբերյալ թեզը: Այնինչ տնտեսական աճ իրականում ունենք, սակայն, ինչպես նաև դուք եք նկատում, ունենք շինարարության և սպասարկման ոլորտների հաշվին: Փոխարենը գրեթե չունենք աճ արդյունաբերության, գյուղատնտեսության, էներգետիկայի ոլորտներում և այլն: Այսինքն` տնտեսական աճը չունի իր բովանդակային, որակական բաղադրիչը: Դեռևս 2007 թվականի խորհրդարանական ընտրությունների համար ներկայացնելով ՀՅԴ սկզբունքային հայեցակարգային մոտեցումները տնտեսական քաղաքականության վերաբերյալ, մենք մատնանշել ենք արտահանման ուղղվածությամբ արդյունաբերական քաղաքականություն իրագործելու հրատապությունն ու անհրաժեշտությունը: Համոզված եմ, որ տնտեսության վերականգնողական շրջանն ավարտվել է և անհրաժեշտ է տնտեսական զարգացման նոր ռազմավարություն, որը հիմնված է լինելու հայկական տնտեսության մրցունակության բարձրացման, արտահանման խրախուսման և արդյունաբերության զարգացման վրա` այդ թվում Ձեր կողմից նշված ոլորտներում:
Նախագահական ընտրություններին իմ նախընտրական ծրագրի ուղղություններից է Հայաստանի բիզնես մրցունակության միջոցով երկրի գլոբալ մրցունակության ապահովումը: Արդյունքում` Հայաստանի միջազգային մրցունակության բարձրացումը:
Այս խնդրի լուծումը պայմանավորվում է իմ նախընտրական ծրագրով առաջարկվող սոցիալ-տնտեսական կարգերի հաստատման քաղաքակնության ամբողջական իրականացմամբ:
Տնտեսական համակարգը հիմնվելու է ժողովրդավարական և իրավական պետության հիմնարար սկզբունքների վրա: Պետությունը լիարժեք կերպով կարող է գործել միայն այն դեպքում, երբ պետական-իրավական կարգի հետ կենսագործվում է նաև համարժեք տնտեսական կարգ: Այդպիսի տնտեսական կարգի հիմնական տարրը մրցակցությունն է. միայն մրցակցությունը կարող է ապահովել շուկայական համակար